Արմինֆո. 2018 թ. երրորդ եռամսյակում Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի աշխատանքը կդադարեցվի 45- 50 օր ժամկետով՝ պլանային-կանխարգելիչ վերանորոգման նպատակով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընկերության տեխնիկական տնօրեն Արկադի Գևորգյանը:
Նրա խոսքով, կայանը շահագործման էր հանձնվել 2010 թվականին, և շահագործման 7 տարվա ընթացքում արտադրել է 11,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Ներկայումս բանակցություններ են տարվում սարքավորումներ արտադրող ձեռնարկությունների հետ՝ առաջիկա աշխատանքների ժամանակացույցը կազմելու նպատակով: Հիմնականում կարդիականացվի
շվեյցարական «Alstomե ընկերության արտադրության GT13E2 MXL տիպի գազատուրբինը՝ 179,9 ՄՎտ դրվածքային հզորությամբ, շահագործման երկու ռեժիմներով, 36,4% օգտակար գործողության գործակցով: Տուրբինի վրա աշխատանքների իրականացումը թույլ կտա բարձրացնել բլոկի հզորությունը
7 ՄՎտ-ով, իսկ օգտակար գործողության գործակիցը կավելանա 1%-ով: 1 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրության համար վառելքի ծախսը կկրճատվի 5 գրամով, ինչը շատ լուրջ ցուցանիշ կհանդիսանա: Ինչպես նշել է տեխնիկական տնօրենը, նախագծի իրականացման համար նախատեսում է շուրջ $6 մլն չափով վարկային ռեսուրսներ ներգրավել:
2005 թվականի մարտի 29-ին Հայաստանի կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկի միջև ստորագրվեց «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի(էներգաբլոկ) նախագիծ» ARM-P2 վարկային համաձայնագիրը: Նշված նախագծի շրջանակներում բանկը ՀՀ կառավարությանը տրամադրեց 15918 մլն.ճապոնական յենայի չափով պետական օժանդակության վարկ, 0.75% արտոնյալ տոկոսադրույքով, 40 տարի մարման (10 տարին` արտոնյալ) ժամկետով: Համաձայնագրով նախատեսվում էր հանրապետության մայրաքաղաքի միակ ջերմաէլեկտրակայանին հարակից տարածքում կառուցել գերժամանակակից, բարձրարտադրողական, բարձրարդյունավետ, բնապահպանական տեսակետից ավելի անվտանգ, լրիվ ավտոմատ կառավարմամբ համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էլեկտրակայան 205 ՄՎտ անվանական հզորությամբ և 103 ԳԿալ/ժ ջերմության առաքմամբ, որի նպատակն էր բարձրացնել ՀՀ -ում էլեկտրաէներգիայի մատակարարման հզորությունը և նպաստել Հայաստանի հանրապետության կայուն տնտեսական զարգացման խթանմանը: 2010թ. ապրիլի 21-ին տեղի է ունեցել Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկի շահագործման հանձնման պաշտոնական արարողությունը: Բլոկի դրվածքային ընդհանուր հզորությունը կազմում է 271,7 ՄՎտ, որից էլեկտրականը՝ 242ՄՎտ, ջերմային հզորությունը՝ 434,9 Գջ/ժ: