Արմինֆո. Ամերիաբանկը շուտով նոր մասնաճյուղ է բացելու «Ռիո Mall» առևտրի-ժամանցի կենտրոնում, որը կդառնա բանկի հատուկ ժամանակացույցով գործող հերթական բաժանմունքը, կաշխատի ամեն օր, մինչև ժամը 21.30-ը, հաճախորդներին տրամադրելով մի շարք բանկային ծառայություններ: Հոկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում նման այս մասին հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արման Բարսեղյանը:
Նա նշել է, որ երկու տարի առաջ բանկը նախաձեռնեց այնպիսի մասնաճյուղերի բացում, որոնք գործում են այլ ձևաչափով: Այսօր այդ ռեժիմով գործում են բանկի 2 մասնաճյուղեր` «Արշակունյաց» («Երևան Մոլ») և «Երիտասարդական» («Մետրոնում»):
«Մեր ունիվերսալ մասնաճյուղերի աշխատանքը գերազանցեց բոլոր սպասումները, քանի որ նրանք շատ արագ ձեռք բերեցին հաճախորդների բազա, և այսօր հանդիսանում են մեր առավել արդյունավետ և բեռնված բաժանմունքները», - ասել է նա: Այս առումով նա նշել է, որ հաշվի առնելով մասնաճյուղերի բեռնվածությունը, առկա է նաև հաճախորդների սպասարկման որակի իջեցման հավանականությունը: Դրանից խուսափելու համար էլ այս տարի նախատեսվում է մասնաճյուղի բացումը «Ռիո Mall» կենտրոնում, իսկ հաջորդ տարվա առաջին կիսամյակում կգործարկվի ևս մեկը, Երևանի առևտրի կենտրոններից մեկում:
Ներկայումս Ամերիաբանկն ունի 14 մասնաճյուղ, որից 8-ը գտնվում են Երևանում, իսկ 6-ը
Հայաստանի մարզերում (Քաջարան, Կապան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի):
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը հայաստանյան շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկն ունի 12 մասնաճյուղ, որից 8 գտնվում է մայրաքաղաքում, իսկ 4-ը`Հայաստանի մարզերում: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերեն են` Ameria Group CY ՍՊԸ – 65,8%, ՎԶԵԲ - 20,7%, ESPS Holding Limited - 13,5%: