Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկված մի շարք հարցեր կարող են ընդգրկվել միջկառավարական հանաձնաժողովի օրակարգում, որպեսզի երկուստեք կոնկրետ քայլեր ձեռնարկվեն դրանց իրականացման ուղղությամբ:
Մասնավորապես, անդրադարձել է կատարվել հայ-իրանական սահմանին բացվող ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավման հետ կապված հարցերին: Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ մի շարք ընկերություններ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում այդ նախագծում ներգրավելու վերաբերյալ:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, գյուղտեխնիկայի մատակարարմանը և մի շարք այլ հարցերի:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Սոկոլովին՝ Ռուսաստանից Հայաստան բերված ժամանակակից էլեկտրագնացքի համար:
Կարեն Կարապետյանը և Մաքսիմ Սոկոլովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը և նոր թափ հաղորդելու երկկողմ առևտրատնտեսական կապերին: Զրուցակիցները նաև պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ` 18-րդ նիստը:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվար-օգոստոսին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 991.7 մլն դոլար, տարեկան աճը`23.5%: Մասնավորապես, արտահանումն ավելացել է 36,6%, կազմելով 310 մլն դոլար, իսկ ներմուծումը`18,3%, մինչև 681,7 մլն դոլար: