Արմինֆո. Միջնաժամկետ հորիզոնում, չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակվելու է սահմանափակված մնալ պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայուն հիմքերի ապահովման հարցում: Այդ մասին ՀՀ խորհրդարանում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, պետական բյուջեի նախագիծը բավական ծավալուն փաստաթուղթ է, և Ազգային ժողովում, մասնավորապես, հանձնաժողովների նիստերում նախատեսվում է դրա խորը քննարկումը: «Այդ կապակցությամբ այսօր չեմ ծանրաբեռնի ձեր ուշադրությունն առանձին մանրամասներով՝ նաև նկատի ունենալով, որ թե՛ դուք, և թե՛ հանրությունն առաջիկա օրերին հնարավորություն կունենաք ստանալ ֆինանսների նախարարի և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների պարզաբանումները բյուջեի նախագծի վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ՝ կցանկանայի շեշտադրել բյուջեի նախագծի հիմքում ընկած մի քանի դրույթներ.
1. Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ՝ աստիճանաբար նվազեցնելով տնտեսական աճի ներուժը: Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն՝ երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար: 2017 թ. հաստատվեց բյուջետային մի շրջանակ, որը բնորոշում է տնտեսական իրավիճակի կայունացումը: Ինչ վերաբերում է 2018 թ. բյուջետային շրջանակին, ապա վերջինով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը: Այլ կերպ ասած, առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները թեԲ կայուն երկարաժամկետ զարգացման առումով, և թեԲ սոցիալական բնույթի: Նշված ցուցանիշին հասնելը բոլորիցս մեծ ջանքեր և ծավալուն աշխատանք կպահանջի:
2. Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը հիմնված է լինելու հստակ կանոնների վրա, որի առանցքում դրվել են ինչպես տնտեսական աճը, երկրի անվտանգությունը, այնպես էլ սոցիալական նպատակայնությունը: Նշված քաղաքականությունը կապահովի երկրի գրավչության աստիճանի բարձրացումը՝ ձևավորելով կայուն երկարաժամկետ, անվտանգ զարգացման ամուր հիմք:
3. Մեր եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված՝ թե՛ ստվերային տնտեսության կրճատման, և թե՛ գործարար միջավայի բարելավման տեսանկյունից: Այստեղ կարևորվել է արդյունավետ եկամտային համակարգի հիմքերի ձևավորումը, որը կապահովի հարկային եկամուտների կայուն առաջընթացը ՀՆԱ աճից, ինչպես նպատակադրված է Կառավարության ծրագրու»,- ասել է վարչապետը: