Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2017 19:55
Ալինա Հովհաննիսյան

Արդշինբանկը հայտարարում է ոսկու գրավով ապահովված բոլոր տեսակի վարկերի տոկոսադրույքների նվազեցման մասին

Արդշինբանկը հայտարարում է ոսկու գրավով ապահովված բոլոր տեսակի վարկերի տոկոսադրույքների նվազեցման մասին

Արմինֆո. Արդշինբանկը հայտարարում է, որ նվազեցնում է ոսկու գրավով ապահովված բոլոր վարկերի տոկոսադրույքները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է    մամուլի ծառայությունից, այդ պայմանը գործում է սույն թվականի հոկտեմբերի 11-ից:

 

Համաձայն նոր պայմանների, ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը կսկսի 10%-ից, գյուղատնտեսական նշանակության ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկինը` 6%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 4%-ից:

Վարկերը տրամադրվում են մինչև 10 տարի մարման ժամկետով, ոսկու գնահատված արժեքի մինչև 500%-ի չափով`կախված հաճախորդի վարկային պատմությունից:

 

«Հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում ընտրել տոկոսների և վարկի մարման իրենց հարմար եղանակ»,-նշում է աղբյուրը:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արդշինբանկն իր հիմնական ցուցանիշներով գտնվում է առաջատարների եռյակում: Մասնավորապես, ընդհանուր կապիտալը կազմել է 64.2 մլրդ դրամ (տարեկան աճը 21%), ակտիվները`501.6 մլրդ դրամ (տարեկան աճը`13 5%), վարկային ներդրումները և այլ վարկերը`340.4 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելում գերակշռում են կորպորատիվ վարկերը, սակայն մանրածախ պորտֆելը նույնպես չի զիջում աճի տեմպերով: 2017-ի 9 ամիսներն Արդշինբանկը եզրափակել է 4.5 մլրդ դրամ զուտ շահույթով, տարեկան կտրվածքով աճը`29.8%: Արդշինբանկը մասնաճյուղային ցանցն ամենամեծերից մեկն է Հայաստանի բանկային համակարգում, մասնավորապես, բանկն ունի 64 մասնաճյուղ, որից 19-ը գտնվում է Երևանում, 42-ը`Հայաստանի մարզերում և 3-ը`ԼՂՀ-ում: Բանկի հիմնական բաժնետերերն են`«Arins Group» (այն վերանվանվեց «Բիզնես ներդրումների կենտրոն» ԱՊԸ-ի) - 70.1145% և «Ռեգիոն» Արդյունաբերական ֆինանսական կորպորացիան - 28.3689%: