Արմինֆո. Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը «Վեոլիա Ջուրե ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների մանրածախ սակագների վերաբերյալ էր: «2017 թվականի օգոստոսի 7-ին «Վեոլիա Ջուրե ՓԲԸ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների վերանայման հայտով, որով առաջարկել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018 թվականի համար ավելացնել 14.3 դրամով: Նշված հայտը ներկայումս գտնվում է հանձնաժողովի կողմից ուսումնասիրության փուլում: Հայտի ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացնի որոշում 2018 թվականի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա կառավարությունն անհրաժեշտ է համարում «Վեոլիա ջուրե ՓԲԸ-ի հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներե,- ասել է կառավարության ղեկավարը:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին նա հանձնարարել է 20-օրյա ժամկետում, սակագնի փոփոխության դեպքում, կառավարության աշխատակազմ ներկայացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ: Հանձնարարվել է նախագիծը մշակել՝ համատեղ աշխատելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի և «Վեոլիա Ջուրե ՓԲԸ-ի հետ, այդ թվում՝ քննարկելով կազմակերպության կողմից վճարվող վարձակալության վճարի գումարները:
Հիշեցնենք, որ ներկայումս ՀԾԿՀ-ն քննարկում է «Վեոլիա Ջուրե ՓԲԸ հայտը, որի համաձայն՝ առաջարկվում է ջրի սակագինը բարձրացնել ներկայիս 180 դրամից մինչև 194 դրամ: Հաջորդ շաբաթ կավարտվի հայտի ուսումնասիրությունը, որի առնչությամբ վերջնական որոշում կընդունվի մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի վերջը: