Արմինֆո. 2018 թվականին ՀՀ առողջապահության ոլորտին 5,8 մլրդ պակաս կհատկացվի, քան 2017 թվականին:
Ինչպես բյուջետային լսումների ժամանակ հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, 2018 թվականին առողջապահության ոլորտին կհատկացվի 80,1 մլրդ դրամ, ինչը կազմում է ՀՆԱ 1,4%-ը և բյուջեի 5,4%-ը: Թե ինչով է պայմանավորված ոլորտի ֆինանսավորման այսքան կտրուկ կրճատումը, Ջանջուղազյանը չի կարողացել պարզորոշ պատասխանել: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ բյուջետային ֆինանսավորմամբ ոլորտի կողմից մատուցվող ծառայությունների ցանկի կրճատում չի լինի:
Հիշյալ ցուցանիշները հարուցել են առողջապահության նախկին փոխնախարար, ներկայումս «Ելք» ընդդիմադիր դաշինքից պատգամավոր Արտակ Զեյնալյանի մտահոգությունը, ով վկայակոչելով միջազգային փորձը՝ հավաստիացրել է, որ եթե առողջապահության ոլորտի բյուջետային ֆինանսավորումը 12%-ից պակաս է լինում, դա հանգեցնում է ոչ արդյունավետ կառավարման:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն իր հերթին, ներկայացնելով
2018 թ. գերակայությունները, նշել է, որ բյուջետային միջոցներից ամբողջովին կֆինանսավորվի այնպիսի հիվանդությունների կանխարգելումը և բուժումը, ինչպես՝ տուբերկուլյոզը (1,8 մլրդ դրամ), երիկամային անբավարարություն, պարբերական հիվանդություն, շաքարային դիաբետ, հոգեկան հիվանդություն
1 մլրդ դրամ կուղղվի օնկոլոգիական հիվանդների և լեյկեմիայով հիվանդների բուժմանը (շուրջ 10 հազար մարդ): Եվ 2,4 մլրդ կուղղվի երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների հեմոդիալիզի ծախսերին: Դա 13,7%-ով ավել է, քան 2017 թվականին: Նախարարությունը 308,7 մլն դրամ կուղղի պետբյուջեի շրջանակներում ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման համար: «Շտապ օգնության» ծառայություններին կուղղվի 3,3 մլրդ դրամ, 6,3 մլրդ դրամ կուղղվի «Մոր եւ մանկան առողջության պահպանումե ծրագրի իրականացմանը, 7,8 մլրդ դրամ պետպատվերի շրջանակներում մինչև 7 տարեկան երեխաների բուժսպասարկմանը: 330 մլն կուղղվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին: Բացի այդ, պետական ֆինանսավորման շրջանակներում 1500 հիվանդ կկարողանա սրտի անոթների ստենտավորում անցնել:
Ինչ վերաբերում է բուժսպասարկման առաջնային օղակին՝ ամբուլատորիաներին, այս ուղղությամբ բյուջետային ֆինանսավորումը նույնպես կտրուկ կրճատվել է՝ 2 մլրդ դրամով, կազմելով 25,4 մլրդ: Ըստ որում, Ալթունյանը հավաստիացրել է, որ նախարարությունը շեշտը դնում է առաջնային բուժօղակի ծառայությունների որակի բարձրացման վրա:
Հիվանդանոցային ծառայությունների համար 2018 պետպատվերի շրջանակներում կհատկացվի 38,1 մլրդ դրամ: