Երկուշաբթի, 6 Նոյեմբերի 2017 18:02

Լևոն Մկրտչյան. Անկախ բյուջետային ֆինանսավորման կրճատումից՝ կրթության որակը չպետք է տուժի

Լևոն Մկրտչյան. Անկախ բյուջետային ֆինանսավորման կրճատումից՝ կրթության որակը չպետք է տուժի

Արմինֆո. 2018 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը կազմում են 126,714.1 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2.17 %-ը, պետական բյուջեի ծախսերի 8.65 %-ը: Ծախսերը 2017 թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ նվազել են 712.4 մլն դրամով կամ 0.6 %ով:

2018 թ. պետական բյուջեի նախագծով գիտատեխնիկական գործունեության համար նախատեսվել է շուրջ 14,276.0 մլն դրամ` 2017 թ. 14276.8 մլն դրամի դիմաց: Այ մասին խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ըստ որում նա ընդգծել է, որ նախարարությունը մտադիր է անել հնարավոր ամեն բան, որպեսզի կրթության որակը դրանից չտուժի:

Անդրադառնալով բուհական կրթությանը՝ Մկրտչյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերանայել տեղերի բաշխումը բակալավրիատում, քանի որ ներկայումս շեշտը դրվում է բարձրագույն հումանիտար կրթության վրա: «Իսկ նման շեշտադրմամբ մենք չենք շարունակի մնալ ատոմային էներգետիկայի երկիր և զարգացնել միջուկային ֆիզիկան»,- հայտարարել է նախարարը:

Անդրադառնալով հանրակրթության համակարգին՝ նախարարը չի համաձայնել ավագ դպրոցներում ուսման աննպատակահարմարության մասին կարծիքին: Նրա խոսքով, ավագ դպրոցում սովորելու դեպքում շրջանավարտը հնարավորություն է ստանում մեկ տարի քիչ սովորել, այսինքն՝ 4 տարվա փոխարեն 3 տարի: «Բացի այդ, շատ ավագ դպրոցներ նեղ մասնագիտական կրթություն են տալիս՝ կոնկրետ բուհեր ընդունվելու համար»,- պարզաբանել է նախարարը: Նա նաև հայտնել է, որ հանրապետությունում գործում է 4 ավագ դպրոց՝ դուալ կրթությամբ, որտեղ աշակերտները կրություն ստանալուն զուգընթաց կարող են նաև աշխատել: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորման հաշվին:

Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև մասնավոր բժշկական համալսարանների հետ կապված խնդիրներին, որոնց դիպլոմները խնդիրներ են առաջացնում արտերկրում: Նա նշել է, որ երկրում մրցակցության ապահովման համար պետք է գործի մի քանի բժշկական բուհ, սակայն պետք է բարձրացնել դասավանդման որակը: «Ընդհանրապես ճիշտ չէ անորակ կրթության համար ողջ մեղքը բարդել մասնավոր բժշկական բուհերի վրա, չէ որ բժշկական պրակտիկայի իրականացման իրավունքի լիցենզիա է տրամադրում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, նշանակում է՝ այստեղ ևս կա վերջինիս մեղքի բաժինը»,- նշել է Մկրտչյանը:

Անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերացման վերաբերյալ օրինագծին՝ Մկրտչյանն ընդգծել է, որ օրենքի ընդունումը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը և կնպաստի զորակոչի ժամանակ արդարության մթնոլորտի հաստատմանը: