Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գազալցակայանների և գազաբալոնների շահագործման գործում առկա խնդիրների լուծման վերաբերյալ օրենսդրական մի շարք փոփոխություններ նախատեսող փաթեթն ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զեկուցվել է, որ վերը նշված փաթեթով առաջարկվում է ՀՀ-ում լիցենզավորել սեղմած բնական, հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալանների տեղադրումը և ըստ սահմանված ժամանակացույցի ճնշափորձարկումը, ինչի նպատակն է նախ և առաջ բարձրացնել քաղաքացիների անվտանգության մակարդակը: Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում են նաև վերահսկողության այլ միջոցառումներ: Վարչապետն անհրաժեշտ է համարել առավելագույնս պարզեցնել լիցենզավորման մեխանիզմը և անվտանգության բարձրացման գործում կարևորել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներգրավվածության ընդլայնումը: Կարեն Կարապետյանը, հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, հանձնարարել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը ևս մեկ անգամ լրամշակել և այն ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Զեկուցվել է նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգով նախատեսվում է շրջանառությունից հանել տեխնիկական զննման կտրոնները, բոլոր ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ենթարկել տեխնիկական զննության: Նշվել է, որ այդ գործընթացը լինելու է էլեկտրոնային վերահսկողության ներքո, որն իրականացնելու են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու Ոստիկանությունը:
Նշենք, որ Հայաստանում տեխնիկական զննումն այժմ կրում է զուտ ձեւական բնույթ: Ըստ գործող կարգի, տրանսպորտային միջոցների տեխնիկական ստուգումն իրականացվում է ոչ թե Ճանապարհային ոստիկանության տեսուչների, այլ մասնավոր լիցենզավորված կազմակերպությունների կողմից: Հանրապետությունում կա շուրջ 40 նման անձ, որի մեկ քառորդը`Երևանում: Վերահսկիչ մարմինը Տրանսպորտի և կապի նախարարությունն է, որը նախատեսում է 500 հազար դրամով տուգանել այն ընկերությանը, որն ստուգում չի իրականացրել մեքենայի տեխնիկական զննման ընթացքում: Սակայն, ըստ նույն օրենքի, մեքենայի տեխնիկական վիճակի համար պատասխանատուն վարորդն է: