Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ «ArCa SecurePay» ակտիվացրած կայքերում ԱրՔա տեսակի քարտերով ինտերնետային գործարքները կիրականացվեն անվտանգության լրացուցիչ հավաստագրման միջոցով: Ընդ որում, ծառայությունն այս պահին հասանելի է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկված բոլոր տեսակի ԱրՔա քարտերի համար` բացառությամբ ԱՐՔԱ-ՄԻՐ քարտերի, որոնց համար ծառայությունը կակտիվացվի մեկ ամսվա ընթացքում:
Աղբյուրի համաձայն, ինտերնետային վճարումներ իրականացնելիս գործարքների հաստատումները կատարվելու են մեկանգամյա գաղտնաբառերի մուտքագրմամբ, որոնք գործարքի իրականացման ժամանակ գեներացվելու և SMS հաղորդագրության միջոցով ուղարկվելու են քարտապանի՝ Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին։
Ավարտվել են նաև գործընկեր ինտերնետային առևտրի կետերում «ArCa SecurePay» համակարգով ԱրՔա քարտերի սպասարկման համար անհրաժեշտ աշխատանքները։
«ArCa SecurePay» ծառայության վերաբերյալ հարցերի կամ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարելի է զանգահարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանների շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ 010 318899 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, 2017 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջատարների եռյակում է ակտիվ քարտերի ընդհանուր թվով, որոնք կազմել են ավելի քան 202 հազար:: Բանկն առաջատարների եռյակում է պլաստիկ գործարքների ծավալով, 9 ամսում ապահովելով 155,6 մլրդ դրամ ծավալ, ինչպես նաև բանկոմատներով գործարքների ծավալը`124.2 մլրդ դրամ: ArCa քարտերի քանակով Բանկը գտնվում է 2-րդ տեղում` 110.6 հազար քարտ: Սեփական բանկոմատների և POS-թերմինալների թվով Բանկը հանդիսանում է առաջատարչը, որոնք համապատասխանաբար կազմել են`180 բանկոմատ և 1623 POS-թերմինալ: Հաշվի առնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ «Բանկոմատների միասնական ցանց» նախագիծը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը նույնպես առաջատարն է, քանի որ երկու բանկերի բանկոմատների ընդհանուր թիվը 2017 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 337 միավոր, որից 162 – ը տեղակայված է Երևանում, իսկ 175-ը` մարզերում:
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր է հանդես գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, որին հաջորդում է SJSC «Sacam International»-ը (Credit Agricole S.A խմբի անդամ)`12,44%, որոնցից բացի կապիտալում ներկա են 10 գյուղացիական փոխօգնության մարզային միություններ: Բանկն ունի 58 մասնաճյուղ (3 տեղ):