Արմինֆո.Հայաստանն ուղղումներ է մտցնում բաժնետիրական ընկերությունների գործունեության իրավական կարգավորման ոլորտում: ՀՀ կառավարության նոյեմբերի 23-ի նիստում հաստատվել են «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում կատարվող փոփոխությունները:
Ինչպես նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, կառավարության օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցում Հայաստանի բարելավման անհրաժեշտությամբ, մասնավորապես, փոքր ներդրողների, բաժնետերերի պաշտպանության առումով: Բացի այդ, նախաձեռնության նպատակն է նաև բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման թափանցիկության մակարդակը:
Փոփոխությունների համաձայն, առաջարկվում է, որպեսզի մինչև գործարքի կնքումը տվյալ ընկերության հետ փոխկապակցված անձինք բացահայտեն փոխկապակցված անձ լինելու հանգամանքը: Այդ փուլում, նշել է նախարարը, այդ պարտականությունը ներառում է միայն այդ փաստի բացահայտումը, որ տվյալ անձը հանդիսանում է գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ, առանց մանրամասների պարզաբանման:
Երկրորդ նորարարությունը նախատեսում է Բաժնետերերի գրանցամատյանում ընդգրկել բաժնետիրական ընկերությունների տնօրենների խորհուրդների անդամների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվություն: Ներկայումս այդ կարգավորումը չի նշանակում այդ անձի ֆունկցիոնալ պարտականությունների հստակեցում:
Բացի այդ, առաջարկվող փոփոխություններով արգելվում է Խորհրդի նախագահի և ընկերության տնօրենի պաշտոնների համատեղումը: Ներկայումս այս սահմանափակումը վերաբերում է ավելի քան 500 բաժնետեր ունեցող ընկերություններին: «Օրինագծի ընդունումով սպասվում է բարձրացնել թափանցիկությունը համատեղ կառավարման գործընթացում, կատարելագործել շահերի բախման մեխանիզմների բացահայտումը, արդյունքում պաշտպանելով փոքր ներդրողներին», - եզրափակել է Սուրեն Կարայանը:
Հիշեցնենք,ո ր Համաշխարհային բանկի հրապարակած «Doing Business 2018ե զեկույցում Հայաստանը զիջել է դիրքը 9 հորիզոնականով՝ զբաղեցնելով 47-րդ տեղը՝ Իտալիայի (46-րդ տեղ) և Հունգարիայի (48-րդ տեղ) միջև: Չնայած դիրքերի վատթարացմանը` Հայաստանն իր ցուցանիշները բարելավել է վարկանիշի որոշ չափանիշների գծով: Մասնավորապես, Համաշխարհային բանկի մասնագետները նշում են Հայայստանում արձանագրված առաջընթացը «բիզնեսի մեկնարկի՚, «շինարարության թույլտվության՚, «միացում էլեկտրացանցերին՚ և այլ ցուցանիշների գծով: Հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը վարկանշային աղյուսակում առաջ է անցել Ադրբեջանից (65-րդ տեղ), Ղրղըզստանից (75-րդ տեղ), Ուկրաինայից (80-րդ տեղ), Ուզբեկստանից (87-րդ տեղ) և Տաջիկստանից (128-րդ տեղ): Վրաստանը վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում է` 9-րդ տեղում, իսկ Ռուսաստանը` 35-րդ տեղում: Doing Business նախագիծը, որի իրագործումն սկսվել է 2002 թվականին, նվիրված է ազգային փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությանն ու նորմատիվային ակտերի գնահատմանը, որոնք կարգավորում են նրանց գործունեությունը կյանքի ողջ ցիկլի ընթացքում:-