Արմինֆո. «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին:
Ինչպես հաղորդում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տարածք։ Նախարարը ՀՀ վաչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի, ճարտարապետ-շինարարների և գործարարների հետ շրջայց է կատարել գոտու շինհրապարակում։ Սուրեն Կարայանը ծանոթացել է «Մեղրի» ԱՏԳ-ի առաջին փուլի շինարարական աշխատանքների ընթացին, առկա խնդիրներին՝ տեղում տալով համապատասխան լուծումներ։ «Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Այսպիսով, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին՚, - ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ իր մեկամյա գործունեությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել էր, որ Իրանի հետ սահմանին «Մեղրի» ազատ տնտեսական գոտին կգործարկվի 2017 թ. նոյեմբերի վերջին: «Մեղրիի ԱՏԳ կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են, նոյեմբերի վերջին կփորձենք գործարկել այն»,- նշել է Սուրեն Կարայանը:
Հիշեցնենք, որ Մեղրիի ԱՏԳ կառուցման ընդհանուր արժեքը գնահատվում է 32 մլն դոլար, որից 28 մլն կապիտալ ծախսերն են: Իրանի հետ սահմանին ԱՏԳ կառուցումը ՀՀ կառավարության առաջնային ներդրումային ծրագրերից մեկն է և նախատեսում է 10-15 հա մակերեսով ազատ տնտեսական գոտու ստեղծում` մինչև 45-50 հա հետագա ընդլայնման հնարավորությամբ: Չնայած այն հանգամանքին, որ ԱՏԳ դեռ կառուցված չէ, արդեն տարբեր ընկերություններից ԱՏԳ հետ աշխատանքին մասնակցելու բազմաթիվ հայտեր են ստացվել: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի 10-ից ավելի ընկերությունների, կան ընկերություններ Իրանից ու Եվրոպայից: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գնահատմամբ, ԱՏԳ շահագործումը թույլ կտա ստեղծել 2,5 հազար աշխատատեղ և 30 տոկոսով ավելացնել արտահանումը Հայաստանից: ԱՏԳ ստեղծման հիմնական նպատակն Իրանի և տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարագցումն է, Սյունիիք մարզի զարգացումը, ինչպես նաև Հայաստանի դիրքավորումը որպես Իրանը ԵԱՏՄ երկրների և Վրաստանի հետ կապող օղակ: Ենթադրվում է, որ այնտեղ կգործի 100-120 ընկերություն, որոնց շահույթը 10 տարում կկազմի 52 մլն դոլար: Արտադրված արտադրանքը նախատեսվում է արտահանել Իրան, ԵԱՏՄ երկրներ, Մերձավոր արևելք, Թուրքմենստան և այլ երկրներ: 10 տարվա ընթացքում բոլոր ընկերությունների ներդրումների ընդհանուր ծավալը նախատեսվում է հասցնել մինչև 350-400 մլն դոլար: ԱՏԳ գոտու գործունեությունն արդեն ամրագրված է ԵԱՏՄ մաքսային օրենսդրությունում: ԵԱՏՄ-ում duty-free համակարգով կգործի այդպիսի յոթ գոտի: