Արմինֆո. Ըստ ՀՀ ԿԲ նորացված կանխատեսման, 2017 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը կհասնի ՀՆԱ-ի 3,3%-ին, նախկինում կանխատեսվող`2.2%-ի փոխարեն: Այս մասին է նշվում ՀՀ ԿԲ նորացված դրամավարկային քաղաքականության ծրագրում:
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, ըստ ԿԲ կանխատեսման, 2017-ին կկազմի 21,2%, նախորդ`22,2% կանխատեսման համեմատ: Պետբյուջեի ծախսերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2017-ին սպասվում է 25,6% (նախկին կանխատեսումը`25,8%), ինչը 2,3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: 2017-ի արդյունքում ակնկալվում է, որ պետական ծախսերը կտնտեսվեն մոտ 45 մլրդ դրամով, հիմնականում արտաքին ֆինանսավորմամբ կատարվող կապիտալ ծախսերի հաշվին:
ՀՆԱ-ի աճ ուղղությամբ վերանայված կանխատեսումների ֆոնին հարկա-բյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա 2017-ին գնահատվում է զսպիչ 2.9 տոկոսային կետով, նախորդ կանխատեսմանը զիջելով 1,1 տոկոսային կետով: Միջնաժամկետ հեռանկարում պարտքի կայունացման համար հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակաուղղված կլինի դեֆիցիտի աստիճանական կրճատմանը` միջին հաշվով մինչև ՀՆԱ-ի 2.4%: Եվ չնայած դեֆիցիտի կրճատմանը, 2018 -ին համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը կընդլայնվի 0.8 տոկոսային կետով, իսկ 2019-2020 թվականներին սպասվում է չեզոքացնել հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը: Ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2017 թվականին նախատեսվում է ՀՆԱ-ի 2-3% -ի սահմաններում:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականին պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 272.5 մլրդ դրամ, ավելանալով 11.2%: Պետբյուջեի եկամուտները 2016.-ին աճել են 0,7%, կազմելով 1,2 տրլն դրամ, իսկ ծախսերը`2,6%, մինչև 1,4 տրլն դրամ: Հայաստանի ՀՆԱ-ն 2016 -ին ավելացել է 0.2%, մինչև 5,068 տրլն դրամ (10,5 մլրդ դոլար), 2015 -ին`3,2%: ՀՆԱ դեֆլյատորի ցուցանիշը 2016 թվականին կազմել է 100.5%, 2015 թվականի 101.2% -ի համեմատ:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2017 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտը նվազել է 32.3%, կազմելով 127 մլրդ դրամ: Պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 5,5%, մինչև 994.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը կրճատվել են 1%, մինչև 1.121 տրլն դրամով: