Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Կառավարության ղեկավարը կարևորել է Բրյուսելում Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը փոխգործակցության նոր հնարավորություններ կստեղծի կողմերի համար: Վարչապետը նշել է, որ մեծ նշանակություն է տալիս ԵՆԲ-ի հետ համագործակցությանն առանցքային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, ջրամատակարարումը, կոշտ թափոնների կառավարումը, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը և այլն: Վարչապետն առաջարկել է ԵՆԲ գործընկերներին դիտարկել Հայաստանում տեղական արժույթով գործառնությունների իրականացման հնարավորությունը: Հաշվի առնելով ՀՀ հյուսիսային սահմանի անցակետերի արդիականացման ծրագրի արդյունավետությունը՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ ակնկալում է Մեղրի մաքսային կետի արդիականացման ծրագրի ուղղությամբ ևս համագործակցել ԵՆԲ-ի և Եվրոպական հանձնաժողովի հետ:
Վազիլ Հուդակն արդյունավետ է գնահատել Հայաստանում ԵՆԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը և տեղեկացրել, որ ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին և Բագրատաշենի սահմանային անցակետի արդիականացման ծրագրին: ԵՆԲ փոխնախագահն ընդգծել է, որ տպավորված է իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերով և ավելացրել, որ բանկը պատրաստ է համագործակցության ընդլայնմանը հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման, ճանապարհային անվտանգության բարձրացման, էներգախնայողության, ՓՄՁ-ների համար էժան ու երկարատև վարկային միջոցների ներգրավման ուղղություններով: