Արմինֆո. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և Հոլանդիայի զարգացման բանկը (FMO) կնքեցին 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որի շրջանակներում ստացվող միջոցներն ուղղվելու են երիտասարդ ձեռներեցների փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորմանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Մենք բարձր ենք գնահատում մեր հին գործընկերոջ հետ հարաբերությունները, որոնք սկսվել են դեռևս 2009թ.: Այժմ ուրախությամբ հայտնում ենք նոր վարկային պայմանագրի կնքման մասին, որն ազդարարում է փոխշահավետ համագործակցության նոր փուլի մեկնարկը: ՓՄՁ-ների և մանրածախ բիզնեսի զարգացումն Ամերիաբանկի առաջնահերթ ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք երիտասարդ ձեռներեցների և մանրածախ բիզնեսի մեջ մեծ ներուժ ենք տեսնում, ուստի վստահ եղեք, որ այս նոր վարկային միջոցները բարեհաջող կտեղաբաշխվեն», – նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ս. թ. նոյեմբերի 30-ին տեղի ունեցած ստորագրման արարողությունից հետո:
FMO-ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոյքհուզենը նշեց. «FMO-ն հպարտ է շարունակել իր սերտ և արդյունավետ փոխգործակցությունն Ամերիաբանկի հետ՝ աջակցելով Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս նոր ֆինանսավորումը կնպաստի Ամերիաբանկի շարունակական աճին և երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը»:
Նոր վարկային միջոցների շնորհիվ Ամերիաբանկը կմեծացնի ՓՄՁ-ների վարկավորման ծավալը՝ նպաստելով նրանց զարգացմանը և ներքին ու արտաքին շուկաներում մրցունակության բարձրացմանը:
Ըստ Արմինֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ամերիաբանկը շուկայի առաջատարն է վարկային ներդրումների ծավալով`442 մլրդ դրամ (ակտիվների 66.2%-ը), ապահովելով այս ցուցանիշի տարեկան 25.4% աճ: ՓՄՁ վարկավորման ծավալով Ամերիաբանկը գտնվում է առաջատարների եռյակում`80.4 մլրդ դրամի տարեկան 20,8% աճով: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում ՓՄՁ-ների մասնաբաժինը կազմում է 19.3%: ՓՄՁ վարկավորման ընդհանուր ծավալներում Ամերիաբանկի մասնաբաժինը կազմել է ավելի քան 12.5%: 2017 թվականի 9 ամիսներն Ամերիաբանկը եզրափակել է 5,4 մլրդ դրամի զուտ շահույթով, տարեկան աճը`53.6%: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 30.09.2017թ. դրոթւյամբ կազմել է 478,41 դրամ /դոլար):
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը հայաստանյան շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկն ունի 12 մասնաճյուղ, որից 8 գտնվում է մայրաքաղաքում, իսկ 4-ը`Հայաստանի մարզերում: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերեն են` Ameria Group CY ՍՊԸ – 65,8%, ՎԶԵԲ - 20,7%, ESPS Holding Limited - 13,5%: