Արմինֆո. Անդրեյ Բելյանինովը դարձել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) խորհրդի նախագահ: Համապատասխան որոշումն ընդունվել է այս տարվա նոյեմբերի 15-ին, Աստանայում կայացած ԵԶԲ խորհրդի հերթական նիստում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է ԵԱԶԲ մամուլի ծառայությունից, Բանկի խորհրդի աշխատանքներին Հայաստանի Հանրապետության անունից մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարար Վ. Արամյանը; Բելառուսից` ֆինանսների նախարար Վ.Ամարինը, Ղազախստանից`վարչապետ, բանկի խորհրդի նախագահ Ա. Սագանտաևը, Ղազախստանի ֆինանսների նախարար Բ. Սուլթանովը, Ղրղզստանից`ֆինանսների նախարար Ա. Կասիմալիևը, Ռուսաստանից`ՌԴ ֆինանսների նախարար Ա. Սիլուանովը, Տաջիկստանից` ֆինանսների նախարար Կ. Կուրբոնիեն:
Հանդիպման ընթացքում բանկի խորհուրդը քննարկել է նաև ԵԱԶԲ գործունեության ընթացիկ և հեռանկարային ուղղությունները, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության հարցեր և համատեղ ինտեգրացիոն նախագծերի իրականացումը:
Անդրեյ Բելյանինովը ծնվել է 1957 թ. հուլիսի 14-ին Մոսկվայում: 1978 թ. Ավարտել է Մոսկվայի Գ.Վ. Պլեկանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ, տնտեսագետ է: 2005 թ. դարձել է տնտեսագիտության դոկտոր, իսկ 2015-ին`քաղաքագիտության դոկտոր: Ինստիտուտից հետո նրան հրավիրել են աշխատել ԽՍՀՄ ԿԳԲ-ում: Աշխատել է մի շարք արտասահմանյան երկրներում, իսկ 1980-ականների երկրորդ կեսից ԳԴՀ-ում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից: 1992-1994թթ. - «ՌԷԱ-Բանկ» - ի վարչության նախագահի տեղակալ, 1994-1999 թթ. - «Նովիկոմբանկի» վարչության նախագահի տեղակալ, խորհրդի նախագահ: 1999-2001թթ.`«Պրոմէքսպորտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, 2004-2006 թթ. - Պաշտպանության պատվերի դաշնային ծառայության տնօրեն: 2006-2016 թվականներին - Դաշնային մաքսային ծառայության պետ:
Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպություն, որն ստեղծվել է 2006 թ. հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից մասնակից երկրների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրի և տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը նպաստելու նպատակով: Բանկի անդամ պետություններն են`Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը:
Հիշեցնենք, որ գտնվելով Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնում Բելյանինովը 2016 թ. ամռանը հայտնվեց ՖՍԲ-ի ուշադրության կենտրոնում: Ըստ Գազետա.ռու-ի տվյալների, նրա տանը կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են փողերով տուփեր և հնագույն նկարներ, որոնք նա անվանել է «ընտանեկան խնայողություններ»: Հետաքննչական գործողությունների արդյունքում Բելյանինովն ստիպված էր տալ հրաժարական: ԵԱԶԲ ղեկավարի պաշտոնում Բելյամինովին առաջարկել է ՌԴ կառավարության նախագահ Դ.Մեդվեդևը: