Արմինֆո. Դեկտեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև «Երևանի կոշտ թափոններե ծրագրի շրջանակներում ստորագրվել է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային հիմնադրամի (E5P հիմնադրամ) միջոցներից 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը:
Այն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը:
Համաձայնագրի ստորագրմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՎԶԵԲ-ում E5P հիմնադրամի տնօրեն տիկին Էվա Մանիկը:
Ծրագիրը երեք բաղադրիչների միջոցով նպաստելու է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը: Առաջին բաղադրիչը նոր սանիտարական աղբավայրի առաջին երկու գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցումն է: Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ և գտնվելու է Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա:
Ծրագրի երկրորդ բաղադրիչն ընդգրկում է գործող աղբավայրի փակումը և վերականգնումը՝ նոր աղբավայրը շահագործման հանձնելուց հետո:
Ծրագրի երրորդ բաղադրիչը կնպաստի այնպիսի համակարգերի և օբյեկտների նախապատրաստմանը և ներդրմանը, որոնք կավելացնեն վերամշակման ծավալները՝ երկարացնելով նոր աղբավայրի օգտակար շահագործման ժամկետը:
Համաձայնագրի շրջանակներում ներգրավվող դրամաշնորհային միջոցները նախատեսված է ուղղել ծրագրի երկրորդ բաղադրիչի ֆինանսավորմանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է հետևյալ կերպ. 8 մլն եվրո վարկ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ), 8 մլն եվրո վարկ` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), 8 մլն եվրո դրամաշնորհ` Եվրոպական Միությունից` Հարևանության ներդրումային գործիքի միջոցով, 2 մլն եվրո դրամաշնորհ` E5P հիմնադրամից:
Հիշեցնենք, որ 2016 թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունել էր Երևան համայնքին Նուբարաշենի աղբավայրին հարակից հողամասը նվիրելու վերաբերյալ որոշում՝ նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 1950-ական թվականներից սկսած Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում ավելի քան 30 հա մակերեսով տարածք օգտագործվում է որպես աղբավայր (Նուբարաշենի աղբավայր): Տարածքն ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով որպես աղբավայր, այն չի համապատասխանում իր չափանիշներով միջազգային կամ որևէ տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին և հանդիսանում է բացառապես որպես աղբի կուտակման վայր, որի հետևանքով առաջացել են մի շարք բնապահպանական, առողջապահական, անվտանգության և աղբավայրի շահագործման խնդիրներ: Նշված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախագծել, կառուցել և շահագործել նոր աղբավայր: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի կոշտ թափոնների ծրագրի շրջանակում նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև նույն չափորոշիչներին համապատասխան՝ մեկուսացնել առկա աղբավայրի որոշ տարածքները: Նշվել է, որ նվիրաբերվող հողամասը անտառածածկ չէ, անմշակ տարածք է, և այն այսօրվա գործող քաղաքային աղբավայրի շարունակությունն է: