Արմինֆո. ԵԱՏՄ երկրների նոր Մաքսային օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի զգալի կրճատում: Այդ մասին դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով «Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ստորագրված 2017 թ. ապրիլի 11-ին:
Միրումյանի խոսքով, նոր Մաքսային օրենսգրքով նախատեսվում է զգալիորեն կրճատել ինչպես ԵԱՏՄ երկրների տարածքով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման, այնպես էլ՝ դրանց տեղաշարժի ժամկետները: Բացի այդ, զգալիորեն կկրճատվեն մաքսային ծառայությունների և արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների ներկայացուցիչների միջև շփումները: Ապրանքի հայտարարագրերի ներկայացման ժամկետը 2 ժամից կրճատվել է մինչև 1 ժամ: Որոշակի դեր կխաղան մաքսային սահմանով ապրանքների տեղաշարժի ուղիները՝ կանաչ, դեղին կամ կարմիր: Կանաչ գոտով ապրանքների տեղաշարժի դեպքում ուղեկցող փաստաթղթերի ներկայացման կարիք չի լինի: Դրանք կպահանջվեն կանաչ և կարմիր գոտիներով տեղաշարժի ժամանակ
Փաստաթղթում ներկայացված է նաև փաստաթղթաշրջանառության «մեկ պատուհանի» սկզբունքը: Նախատեսվում է ներդնել նաև գործարքների համար կանխավճարի համակարգ, բայց այդ իրավունքը տնտեսվարող սուբյեկտների համար կամավոր կլինի, և թույլ կտա մաքսային վճարումների հետ կապված խնդիրները լուծել նույնիսկ գիշերային ժամերին: Փաստաթղթի համաձայն, մաքսային վճարները կարող են երկարացվել 1 ամիս ժամկետով, բայց արդեն տոկոսադրույքների վճարմամբ՝ ելնելով ԿԲ սահմանած վերաֆինանսավորման տոկոսադրույքներից:
Կներդրվի նաև նախնական տեղեկատվության համակարգը, ինչը հնարավորություն կնձեռի օպերատիվորեն և արդյւնավետ կառավարել ռիսկերը և ավելի արագ հատել ԵԱՏՄ երկրների սահմանները: Միաժամանակ նախնական տեղեկատվության առկայությունը պարտադիր պայման չէ: Նախնական տեղեկատվության տրամադրման համար պարտադիր պայմաններ պետք է կիրառվեն որոշակի սահմանափակուններ ունեցող ապրանքների նկատմամբ:
Ընդլայնվել է նաև շուտ փչացող ապրանքների ցանկը, որոնք պետք է սահմանն անցնեն արագացված ռեժիմով: Նման միջոցներ կգործեն նաև ներդրումային ծրագրերի և ցուցահանդեսների շրջանակներում մատակարարվող ապրանքների և սարքավորումների առնչությամբ: Նախատեսվում է կրճատել ապրանքների բացթողման ժամկետները: Մասնավորապես, ապրանքների բացթողումը կատարվելու է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելուց 4 ժամվա ընթացքում՝ ներկայումս մաքսային հայտարարագրի գրանցումից հետո սահմանված 1 աշխատանքային օրվա փոխարեն:
Մաքսային օրենսգիրքն ուղղված է նաև մաքսային գործառնությունների օպտիմալացմանը, մաքսային կանոների հետագա ազատականացմանը և ԵԱՏՄ շրջանակներում առանձին գործող համաձայնագրերի կոդիֆիկացմանը: Համակարգի հիմքում էլեկտրոնային հայտարարագրման սկզբունքի կիրառումն է: Պայմանագրի նպատակը ԵԱՏՄ-ում միասնական մաքսային կարգավորման ապահովումն է: