Արմինֆո. ՌԱՅՖԱՅԶԵՆԲԱՆԿԸ անվանատիրոջ հաշիվ է բացել Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում: Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) և «Ռայֆայզենբանկ» ԲԸ-ի (Ռուսաստան) միջև կնքված պայամնագրի համաձայն Ռայֆայզենբանկին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի ուղղակի մասնակցի կարգավիճակ, որին հաջորդել է բանկի կողմից ՀԿԴ-ում անվանատիրոջ հաշվի բացումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից,
Ռայֆայզենբանկի անվանատիրոջ հաշիվը հնարավորություն կտա Միջազգային Ռայֆայզեն Խմբի հաճախորդներին ուղղակի հասանելիություն ունենալ ՀԿԴ-ի կողմից մատուցվող ծառայություններին, մասնավորապես՝ արժեթղթերով գործարքների վերջնահաշվարկին, կորպորատիվ գործողություններին (շահութաբաժինների, արժեկտրոնների վճարում և այլն) և այլ ծառայություններին:
ՀԿԴ անդամների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ ՀԿԴ պաշտոնական կայքի (www.cda.am) «Գործընկերներ» բաժնում:
Նշենք, որ Ռայֆայզեն բանկը հանդիսանում է Ավստրիկայի Raiffeisen բանկի 100% դուստր բանկը: Բանկը գործում է Ռուսաստանում 1996 թ-ից և ծառայությունների լայն շարք է առաջարկում մասնավոր եւ կորպորատիվ հաճախորդներին, ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին, ռուբլով և արտարժույթով: 2006-ի սկզբին, Raiffeisen International խումբը ձեռք բերեց «Իմպեքսբանկ» ԲԲԸ 100% բաժնետոմսերը, բայց 2007-ի մարտին որոշվեց կասեցնել Իմպէքսբանկի գործունեությունը, քանի որ այն միաձուլվեց «Ռայֆֆայզենբանկ Ավստրիա» ՓԲԸ հետ:
«Ռայֆայզենբանկ»-ը 2017 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ իր ակտիվներով 14-րդ տեղում էր Ռուսաստանի բանկային համակարգում: Բանկի կապիտալի համարժեքության նորմատիվը կազմել է 13,33%, ակնթարթային իրացվելիությունը`93.45%, ընթացիկ իրացվելիությունը`190.63%, երկարաժամկետ իրացվելիությունը`44.45%: 2017 թվականի առաջին 9 ամիսներին Բանկի զուտ շահույթն աճել է 15.1%, մինչև 23 114,4 մլն ռուբլի, ROE - 21,48%, ROA - 3,02%: Ակտիվների կառուցվածքում իրացվելի ակտիվների տեսակարար կշիռը կազմել է ավելի քան 30%, իսկ ակտիվների եկամտաբերությունը`9,14%: Բանկի վարկային պորտֆելը կազմել է 519.015 մլն ռուբլի, առաջին 9 ամիսներին աճելով 4%, իսկ որպես դրայվեր է հանդիսացել մանրածախ վարկային պորտֆելը և ՓՄՁ վարկավորումը: «Ռայֆայզենբանկ»-ին շնորհվել են միջազգային վարկանիշային գործակալությունների` Moody`s- ի և Fitch- ի վարկային վարկանիշները, համապատասխանաբար`Ba2 և BBB, «Կայուն» կանխատեսմամբ:
Նշենք, որ 2017-ի հոկտեմբերից, ռուսական «Միր» և հայկական ԱռՔա համակարգերի համատեղ նախագծի իրականացումցի հետո կարելի է Ռուսաստանում ԱրՔա քարտերով գործարքներ իրականացնել Ռայֆայզենբանկի բոլոր բանկոմատներով: