Արմինֆո. Միջազգային Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից այս տարի թողարկված 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերին շնորհել է «B+» երկարաժամկետ վարկանիշ։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, թողարկված պարտատոմսերի վարկանիշը հավասարեցված է այս տարի մայիսին բանկին շնորհված երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR) վարկանիշին։
Աղբյուրի համաձայն, վարկանիշը սահմանելիս վարկանիշային գործակալությունը հաշվի է առել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաև իրացվելիության և կապիտալիզացիայի բարձր մակարդակը:
Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար:
Բանկի կողմից թողարկված պարտատոմսերը ունեն 5,5% տարեկան եկամտաբերություն և շրջանառության մեջ են լինելու մինչև 2020 թվականը։
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի դոլարային պարտատոմսերի առաջին թողարկման տեղաբաշխումն սկսվել է այս տարվա օգոստոսի 18-ին, Պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 50,000 հատ արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.5% տոկոսադրույքով և 30 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումն ավարտվել է հոկտեմբերի 5-ին, իսկ հոկտեմբերի 24-ին պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:
Հիշեցնենք, որ Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» «B+»` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR) վարկանիշ էր շնորհել 2017 թվականի հունիսին, շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության: Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, և այն վերահաստատում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի առաջատար դիրքերը և թափանցիկ ֆինանսական կառույց լինելու փաստը: