Արմինֆո.
«ԳեոՊրոՄայնինգ»՝ հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը (ԳՊՄ կամ «Ընկերություն»), շարունակում է ներդրումներ կատարել իր դուստր կազմակերպության՝ ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի կողմից շահագործվող Սոթքի հանքի տեխնիկական վերազինման համար։
Սոթքի հանքավայրի տեխնիկական վերազինման ծրագիրը նպատակաուղղված է հանքի արտադրողականության բարձրացմանը: Ծրագիրը ենթադրում է հանքի զարգացմանն ուղղված համակարգված մոտեցում, համապատասխանաբար՝ 5 մլն ԱՄՆ դոլար կապիտալ ներդրում և 135 նոր աշխատատեղի ավելացում։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել նոր աշխատողների ընդունելությունը մինչև 2018 թվականի առաջին եռամսյակի ավարտը:
Ներկայումս ծրագրի իրականացման շրջանակում կատարվում է հանքային տեխնիկայի ձեռքբերում։ Մասնավորապես, մինչև 2018 թ. հունվարի վերջը շահագործման կհանձնվի ծանր տեխնիկայի 27 միավոր՝ 60 տոննա բեռնատարողությամբ ավտոինքնաթափեր, հորատման հաստոցներ, էքսկավատորներ, ամբարձիչներ և բուլդոզերներ:
«Սոթքի հանքի արդիականացումը Հայաստանում ԳեոՊրոՄայնինգ-ի կողմից վարվող զարգացման քաղակականության շարունակությունն է։ Ընկերության՝ Հայաստանում և նրանից դուրս կատարված աշխատանքի կուտակված փորձը մեզ թույլ է տալիս վստահորեն և հետևողականորեն իրականացնել մեր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության զարգացմանը, նրա քաղաքացիների սոցիալական բարեկեցության ապահովմանը, ինչպես նաև մեր ընկերության շահերին։ Ենթադրում եմ, որ Հայաստանում մեզ հաջողվում է առավելագույնս արդյունավետ օգտագործել ռեսուրսները՝ հօգուտ բոլոր շահագրգիռ կողմերի»,- ասաց ԳեոՊրոՄայնինգի նախագահ Ռոման Խուդոլին։
«ԳՊՄ Գոլդ» ընկերությունը ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների միջազգային խմբի կազմում է: 2007-2017 թվականների ընթացքում Արարատի ոսկու վերամշակման ֆաբրիկան և Սոթքի հանքավայրը ամբողջովին արդիականացվել են: 2008 թ.-ից ի վեր միայն Սոթքի հանքավայրի զարգացման համար Ընկերությունը ներդրել է մոտ 53 մլն․ ԱՄՆ դոլար: Ներկայումս ԳՊՄ Գոլդ ընկերությունում աշխատում է 1103 մարդ, որոնցից 631-ը՝ Սոթքի հանքում, 423-ը՝ Արարատի ոսկու վերամշակման ֆաբրիկայում: Ընդհանուր առմամբ Հայաստանում աշխատելու 10 տարվա ընթացքում ԳեոՊրոՄայնինգ-ի կողմից կատարված ներդրումները գերազանցել են 505 մլն ԱՄՆ դոլարը։