Արմինֆո. 2017թ.-ի դեկտեմբերի 08-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկու թողարկումները (GLBLB5 և GLBLB6) ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընդգրկելով պարտատոմսերի երկրորդային Bbond ցուցակում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, Ընկերության GLBLB5 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMGLBLB25ER6) ներառում են 10,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս`100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 7.0% տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով, իսկ GLBLB6 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMGLBLB16ER5)` 30,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս`10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 10% տոկոսադրույքով և 12 ամիս շրջանառության ժամկետով:
Պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:
2017թ.-ի նոյեմբերին 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը: Պարտատոմսերի (ISIN - AMGLBLB25ER6) տեղաբաշխման ընթացքում կնքվել է 20 գործարք: Դոլարով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 1,000,410.4 ԱՄՆ դոլարի պարտատոմս: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 100 ԱՄՆ դոլար, կտրման եկամտաբերությունը`7%, միջին կշռված եկամտաբերությունը` 6.9846%: Դրամով պարտատոմսերի (ISIN - AMGLBLB16ER5) տեղաբաշխման ընթացքում կնքվել է 5 գործարք: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 300,025,879.8 ՀՀ դրամի պարտատոմս: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 10,000 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 10%, միջին կշռված եկամտաբերությունը` 9.9908%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի վարկային կազմակերպությունների ռենկինգի, «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ն իր ակտիվներով, վարկային պորտֆելով, զուտ շահույթով գտնվում է Հայաստանում գործող 30 վարկային կազմակերպությունների առաջատար տասնյակում: 2017 թվականի 9 ամիսների արդյունքում ընկերության զուտ շահույթն ավելացել է 31% տարեկան, իսկ վարկային պորտֆելն ավելացել է 18.8%, ակտիվներն ավելացնելով 20.3%: Ընկերությունը հայաստանյան շուկայում գործում է 2010 թվականից, որի բաժնետերերն են`Գագիկ Վարդանյանը – 33.53%, Էդուարդ Մարությանը – 33.33% և Արայիկ Կարապետյանը – 28.12% և Կարեն Դարբինյանը – 5.02%: