Արմինֆո. 2017թ.-ի դեկտեմբերի 13-ին «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ -ի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Աղբյուրի համաձայն, ընկերության պարտատոմսերի նշված թողարկումը ներառում է 40,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.25% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMCOVSB24ER5) բորսայում կշրջանառվեն COVSB4 բորսայական հապավմամբ:
Դոլարային արժեկտրոնային պարտատոմսերի 2-րդ տրանշի առաջնային տեղաբաշխումը, որն սկսվել է հոկտեմբերի 19-ին, Կոնվերս Բանկն ավարտել սահմանված ժամկետից շուտ` նոյեմբերի 27-ին, դրանով ամփոփելով առաջին թողարկման էմիսիան $ 10 մլն ծավալով: Հիշեցնենք, որ դոլարով թողարկման առաջին տրանշը մեկնարկել էր մայիսի 5-ին և ավարտվել մայիսի 16-ին, իսկ մայիսի 26-ին տեղի է ունեցել ցուցակումը:
«Այսպիսով, ընթացիկ տարում կորպորատիվ պարտատոմսերի շուկայում Կոնվերս Բանկի պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է $ 10 մլն և 1 մլրդ դրամ: 2018 -ին Բանկը նախատեսում է նոր թողարկում, որոնց մարման ժամկետը կլինի ավելի երկար, հաշվի առնելով այդ արժեթղթերի ուղղվածությունը նաև դեպի օտարերկրյա ներդրողները», - ավելի վաղ հայտարարել էր Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:
Նշենք, որ Ըստ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում այս տարվա դեկտեմբերի 13-ի դրությամբ շրջանառվում են Կոնվերս բանկի դոլարային պարտատոմսերի երկու տրանշը`10 միլիոն դոլար և 1 միլիարդ դրամ ծավալներով: Դոլարային տրանշերը թողարկվել են այս տարվա մայիսի 5-ին և հոկտեմբերի 19-ին, ցուցակվել մայիսի 26-ին և դեկտեմբերի 13-ին, իսկ դրամով պարտատոմսերը թողարկվել են օգոստոսի 3-ին և ցուցակվել սեպտեմբերի 15-ին: Բանկի դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը համապատասխանաբար կազմել է 5.75% և 5.25%, իսկ դրամային պարտատոմսերինը`10.5%: Այդ պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 2 տարի, իսկ կտրոնային վճարները` յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Կոնվերս Բանկը հայաստանյան շուկայում գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի բաժնետերն է Holding Company "Blakery Assets" LTD: Կոնվերս Բանկի ակտիվները կազմել են 233.4 մլրդ դրամ, պարտավորությունները, - 198.7 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը,. 34.8 մլրդ դրամ:
Ըստ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա տվյալների, դեկտեմբերի 13-ի դրությամբ բորսայում շրջանառվում են 12 թողարկողների 26 դոլարային պարտատոմսերը, որից 8-ը բանկեր են`Արարատբանկ (6) Ամերիաբանկ (4) Արմսվիսբանկ (4 ) Անելիք Բանկ (3) Կոնվերս Բանկ (2), Հայբիզնեսբանկ և Յունիբանկ: Բացի այդ, ֆոնդային բորսայում շրջանառվում են նաև Ամերիաբանկի և Արմսվիսբանկի 2 եվրոյով տրանշերը: