Արմինֆո. «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի տարեկան արդյունքները և Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքն ու գալիք տարվա ծրագրերը քննարկելու նպատակով դեկտեմբերի 16-17-ին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, այցի ընթացքում նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանի պաշտոնատար անձանց և իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Իրանի գազի ազգային ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Բեհզաթ Բաբազադեի հետ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընթացիկ տարում կավելացվեն «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի շրջանակներում Հայաստան ներմուծվող բնական գազի ծավալները:
Աշոտ Մանուկյանը հանդիպել է նաև իրանահայ գործարարների հետ, ովքեր հետաքրքրված են վերականգնվող, մասնավորապես՝ հողմային և արևային էներգետիկայի բնագավառում Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներով:
Նախարարը գործարարներին է ներկայացրել «Մեղրի» նորաբաց ազատ տնտեսական գոտու առավելությունները` այն որպես հարթակ օգտագործելով Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացման համար:
Հոկտեմբերի 20-ին մամուլի ասուլիսում Աշոտ Մանուկյանը նշել էր, որ Հայաստանը Իրանից գազ կգնի միայն այն դեպքում, եթե դրա գինն ավելի ցածր լինի ռուսական գազի գնից: Նա ընդգծել էր, որ 2019 թվականին Իրան-Հայաստան ԷՀԳ շինարարության ավարտից հետո իրանական գազի մատակարարումների ծավալներն զգալիորեն կավելանան, ինչպես նաև` Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալները: Նախարարի հավաստմամբ, Իրան-Հայաստան գազամուլի լրիվ կլցվի:
Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանում քառակողմ հուշագիր է ստորագրվել է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի միջև, որով նախատեսվում է Էլեկտրաէներգիայի փոխհոսքերի կառավարման արդյունավետության, էներգահամակարգերի անվտանգության և հուսալիության բարձրացումը:
Ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, այս նախաձեռնությամբ բարենպաստ միջավայր է ստեղծում մի կողմից այն հանգամանքը, որ Հայաստանի և Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էներգահամակարգերն իրար հետ աշխատում են զուգահեռ սինխրոն ռեժիմներով, Մասնավորապես նախատեսվում է մինչև 2018թ. շահագործման հանձնել Հայաստան-Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գիծն ու հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանը։ Դրա արդյունքում կապահովվի Վրաստանի էներգետիկ համակարգի հետ զուգահեռ ասինխրոն ռեժիմում աշխատանքի հնարավորություն և էլեկտրաէներգիայի փոխհոսքի հզորությունը առաջին փուլում կկազմի 350 Մվտ, մինչև 2021 թ-ը հասնելով 700 Մվտ-ի: Բացի այդ, 2018թ. նախատեսվում է շահագործման հանձնել նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երկշղթա գիծը։ Այն թույլ կտա Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հասցնել ընդհուպ մինչև 1200 Մվտ հզորության։ Այս միջոցառումների իրականացման նպատակն է իրագործել հյուսիս-հարավ էլեկտրաէներգտիկական միջանցքի ստեղծման նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա աշխատել ԵԱՏՄ և ԵՄ էներգահամակարգերի հետ։ Իրան-Հայաստան ԷՀԳ կառուցման նախագծի արժեքը կազմում է 107 մլն դոլար: Միջոցները տրամադրել է իրանական կողմը, նախագիծն իրագործում է իրանական «Սանիր՚ ընկերությունը: