Արմինֆո.2017թ.-ի դեկտեմբերի 19-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 172,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 7.5% տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMARBBB23ER2) բորսայում կշրջանառվեն ARBBB3 բորսայական հապավմամբ:
Ընդհանուր առմամբ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում 2017 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ շրջանառվում են 12 թողարկողների 40 դոլարային պարտատոմսերը, ընդ որում, 24 թողարկումներն իրականացրել են 9 բանկերը` Արարատբանկ (7 թողարկում), Ամերիաբանկ (7), Արմսվիսբանկ (6), Անելիք Բանկ (4), Հայբիզնեսբանկ և Յունիբանկ (3), Կոնվերս Բանկ (2) ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ և Սևծովյան համագործակցության բանկ (1):
Բորսայում շրջանառվող կորպորատիվ դոլարային պարտատոմսերի ընդհանուր քանակի կազմում է 25, որոնցից 23-ը թողարկել են 8 բանկերը`Արարատբանկ (6), Ամերիաբանկ և Արմսվիսբանկ (4), Անելիք Բանկ (3), Հայբիզնեսբանկ և Յունիբանկ (2), Կոնվերս բանկ և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ (1): Բացի այդ, բորսայում շրջանառվում է նաև եվրոյով 2 տրանշ`Ամերիաբանկ (1) և Արմսվիսբանկ (1): Բորսայում շրջանառվող պարտատոմսերի ընդհանուր քանակը (40) ներառում է նաև Ազգային հիփոթեքային ընկերության 3 դրամային թողարկումները և «Գլոբալ Կրեդիտ» և «Ֆինկա» ՈւՎԿ-ների 2-ական թողարկումները (1 դոլարային և 1 դրամային):
Հիշեցնենք, որ Հայբիզնեսբանկը Հայաստանի շուկայում գործում է 1991 թվականի դեկտեմբերից: Բանկի միակ սեփականատերն է Վիտալի Գրիգորյանցը: Հայբիզնեսբանկն առաջատարների եռյակում է ակտիվներով, վարկային ներդրումներով (ներառյալ տնտեսության վարկավորում), պարտավորություններով (ներառյալ ցպահանջ և ժամկետային ավանդներ): Բանկը մասնաճյուղային ցանցով գտնվում է առաջատարների հնգյակում, ունի 53 մասնաճյուղ, որից 24-ը գտնվում են Երևանում, 22-ը`Հայաստանի մարզերում և 7-ը` ԼՂՀ-ում: