Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը կարևորել է Հայաստան-Արժույթի միջազգային հիմնադրամ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ՀՀ տնտեսության համար կարևոր բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական տեխնիկական աջակցության համար: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՀ մշտական նորանշանակ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և ողջունել կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը: Հոսեյն Սամիեին ԱՄՀ-ի անունից գոհունակություն է հայտնել 2017 թ. ՀՀ-ում հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքից՝ այն որակելով որպես նշանակալի ձեռքբերում և հույս հայտնել, որ այդ առաջընթացը շարունակական կլինի:
Համագործակցության հետագա զարգացման համատեքստում ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են հնարավոր նոր ծրագրին ու դրա ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների, ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումների, Հարկային օրենսգրքի փոփոխությունների, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |