Չորեքշաբթի, 10 Հունվարի 2018 12:49
Կարինա Մելիքյան

Համաշխարհային բանկը կանխատեսում է 2018 թվականին Հայաստանում ՀՆԱ 3,8% աճ` 2019 թ. մինչև 4% արագացմամբ

Համաշխարհային բանկը կանխատեսում է 2018 թվականին Հայաստանում ՀՆԱ  3,8% աճ` 2019 թ. մինչև 4% արագացմամբ

Արմինֆո. Համաշխարհային բանկի կանխատեսումներով, 2018 թվականին Հայաստանում ՀՆԱ աճը կկազմի 3,8%` 2019թ. մինչև 4% արագացմամբ: Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի օրերս հրապարակված «Համաշխարհային տնտեսության հեռանկարները՚ զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ կանխատեսումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2017 թվականին Հայաստանը ցուցադրել է էական առաջընթաց մետաղների գների բարձրացման և ներքին քաղաքականության բարելավման առնչությամբ: Նշենք, որ Հայաստանի վերաբերյալ ՀԲ նախորդ կանխատեսումը նախատեսում էր 2017 թ. ՀՆԱ 2,7% աճ` 2018թ. տեմպերի մինչև 3,1%, 2019թ. մինչև 3,4% արագացմամբ:

 

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկը 2018 թվին կանխատեսում է 2,9% տնտեսական աճ` 2019 թ. մինչև 3% արագացմամբ, 2017թ. 3,8% դիմաց: Մասնավորապես, ՀԲ կանխատեսմամբ 2018  թվականին Ռուսաստանում ՀՆԱ աճը կկազմի 1,7%` 2019թ. մինչև 1,8% արագացմամբ; Վրաստանում 2018 թ. կանխատեսվում է  ՀՆԱ 4,2% աճ, Ադրբեջանում` 0,9%: Համաշխարհային տնտեսության համար ՀԲ-ն 2018 թվին կանխատեսում է ՀՆԱ 3,1% աճ` 2019թ. մինչև 3% դանդաղմամբ:

 

Հավելենք, որ Հայաստանի կենտրոնական բանկի վերջին կանխատեսման համաձայն, 2018 թվին ՀՆԱ աճը կկազմի 3,5-4,6% (2017թ. ակնկալվող 4,4-4,9% դիմաց), 2019թ.` 3,5-4,9%,  2020թ.` 3,8- 5,4%: Fitch-ը 2017 թվականին Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը բարելավել է մինչև 4,3%` ավելի վաղ կանխատեսված 3,4%-ից, և տեսնում է 2018- 2019թթ. միջին հաշվով  3,6% աճի արագացման հնարավորություն: Հայաստանի բյուջեում 2018 թվականի համար ամրագրված է ՀՆԱ 4,5% աճ:

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է մինչև 7,3%` նախորդ տարվա 11 ամսվա  0,6%-ից: Որպես աճի դրայվեր հանդես են եկել առևտուրը, ծառայությունների ոլորտը և արդյունաբերական հատվածը: