Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում ընդունել է համապատասխան որոշումներ, որոնցով առաջարկվում է արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը:
Որոշումներով սահմանվում է նաև ՀՀ մինչև 2018 թ. ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը: Գործող սեփականատերերը, ըստ որոշման, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց տրանսպորտային միջոցները: Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալների, աջակողմյան մեքենաների մասնակցությամբ վթարների քանակն 28 տոկոսով ավելի է, քան ձախակողմյանը, իսկ վիրավորների քանակն ավելի է 39 տոկոսով: Նախարարը նշել է, որ նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև ապրիլի 1-ը ներմուծված և հաշվառված ավտոմեքենաների վրա: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանձնարարել է պատրաստել համապատասխան օրենքի նախագիծ, հաջորդ շաբաթ ներկայացնել կառավարություն, որպեսզի այն անհետաձգելի կարգով ներկայացվի Ազգային ժողով:
Մինչդեռ ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունում հայտնել են, որ աջակողմյան մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-ների վիճակագրություն ընդհանրապես չկա: ՃՈ-ում հայտնել են նաև, որ վիճակագրություն սկսել է իրականացվել միայն 2017 թ. կեսից, և առայժմ այս առնչությամբ ընդհանրացված տվյալներ չկան:
Չնայած այն բանին, որ նախարարը, որպես ընդունված որոշման հիմնավորում, մատնանշել է բացառապես ՃՏԵ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ այնուամենայնիվ, արգելքն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության կանոններով, որի անդամ է Հայաստանը: