Արմինֆո. 2017 թվականին Վայոց ձորի Գնդեվազ համայնքում ստեղծված «Առատ զամբյուղ» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվը «Լիդիան Արմենիա՚ ընկերության աջակցությամբ 2018 թվականին ձեռնամուխ կլինի գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, «Առատ զամբյուղ» կոոպերատիվն ընդգրկում է անդամներ հարակից Ջերմուկ, Գորայք և Սարավան համայնքներից: Կոոպերատիվը կարողացավ 2017 թվականը ամփոփել իր առաջին քայլերի կարևոր հավաստմամբ՝ կոոպերատիվի գրանցումով, Ամանորյա տոնավաճառին արտադրանքի շնորհանդեսով և բացման պաշտոնական արարողությամբ։
«Առատ զամբյուղը» Վայոց ձորի մարզի անարատ բարիքները ներկայացնում է հայաստանյան շուկային և արդեն քայլեր են արվել նաև արտերկրում նոր գործընկերներ ձեռք բերելու ուղղությամբ։ Դա նշանակում է, որ 2018 թվականին նորաստեղծ ընկերությունն արդեն կսկսի արտահանել «Առատ զամբյուղի» տեսականին՝ մոտ տասնյակի հասնող էկոլոգիապես մաքուր, որակյալ և համեղ սննդամթերքները՝ չորամրգեր, ընդեղեն, խոտաբույսեր և բազմապիսի ալպիական թուրմախոտեր ու թեյեր։
Կոոպերատիվի նախագահ Սամվել Թորոսյանը բացման արարողության ժամանակ շեշտել է, որ այսպիսի բիզնես բացելու, գործազրկության այս պայմաններում աշխատատեղեր և զարգացման հեռանկարներ ստեղծելու իր երազանքը հնարավոր դարձավ, քանի որ վերջապես եղան աջակիցներ ու հովանավորներ, ովքեր ձեռք մեկնեցին և օգնեցին սկսնակ բիզնեսին ձևավորվել ու կայանալ։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրն իրականացնող Լիդիան Արմենիա ընկերությանը, որի սոցիալական ծրագրերի շրջանակում «Առատ զամբյուղը» աջակցություն է ստացել՝ թե′ ֆինանսավորման, թե′ խորհրդատվության, թե′ բիզնեսի կազմակերպման հմտությունների ձեռքբերման առումով։ Կոոպերատիվի կայացման և կարողությունների զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել ևս երկու գործընկերներ. «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն, որը իրականացրել է Կոոպերատիվի կազմակերպական կարողությունների զարգացման դասընթացները, կազմակերպել է փորձի փոխանակման այց Լուկաշին՝ ծանոթանալու Կոոպերատիվի հաջողված փորձին, և “Էյջ դի փի” Հիմնադրամը, որը հիմնել և վերանորոգել է հավաքման կետ Գնդեվազում, որը նաև կօգնի Գորայք, Սարավան և Գնդեվազ համայնքներից տրամադրել Լիդիանի աջակցությամբ աճեցված գյուղատնտեսական բարիքներ և նոր մշակաբույսեր՝ աճեցված նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցներում և բարձր բերքատվության այգիներում:
Միջոցառման ընթացքում «Առատ զամբյուղ» կոոպերատիվի անդամ Արմինե Գինոսյանը ներկայացրել է «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի միջոցով ստեղծված տեղի այս կառույցի ամբողջ ուղին՝ սկսած սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում կազմակերպության անդամների կարողությունների զարգացումից մինչև կոոպերատիվի հաստատումը. արտադրական գործընթացների հստակեցում, արդյունավետ վաճառքի կազմակերպում, մարկետինգ պլանի կազմում: Սա նորաստեղծ բիզնեսի հաջողված պատմություն է, որը կարող է օրինակ հանդիսանալ այլ սկսնակ ձեռներեցների համար։ Ծրագիրը նաև հաջողված համագործակցության մոդել է, որտեղ յուրաքանչյուր կողմ իր հստակ առաքելությունն ու դերն է ունեցել. Լիդիան Արմենիան ֆինանսավորել է Ծրագիրը, որի տարբեր կոմպոնենտներն իրականացրել են «ԳՈՒՄ» ՀԿ-ն, «Էյջ դի փի» Հիմնադրամը և «Զանգակատուն» ՀԿ-ն: Վերջինիս ծրագրի շրջանակներում, Ջերմուկում գրանցվել է նաև նոր` «Ապագայի շողեր» հասարակական կազմակերպությունը, որը Ջերմուկի և Կեչուտի դպրոցականներին, ուսուցիչներին և ծնողներին սովորեցրել է թափոններից տարբեր աքսեսուարներ պատրաստելու և եկամուտ ստանալու հմտություններ: Այս ՀԿ-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: