Արմինֆո. Հայաստանն ընդգրկվել է հինգ երկրների ցանկում, որտեղ Ամանորյա տոների ընթացքում ռուս զբոսաշրջիկները ծախսել են ամենից շատ միջոցներ: Այս մասին են վկայում հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են «Յանդեքս.Դենգի» ծառայության մասնագետները, հաղորդում է ՌԲԿ-ն:
Աղբյուրի համաձայն, մասնագետները վերլուծել են «Յանդեքս» դրամական փոխանցումների ծառայության ավելի քան 600 հազար պլաստիկ քարտերի տվյալներ: Արդյունքում նրանք պարզել են, որ Ամանորյա տոներին ռուսաստանցիների ուղևորության ընթացքում մեկ տրանսակցիայի ամենամեծ միջին գումարներն արձանագրվել են Միացյալ Արաբական Էմիրություններում: Այնտեղ զբոսաշրջիկները միջին հաշվով միանվագ ծախսել են 6670 ռուբլի: Երկրորդ տեղում է Ավստրիան`մոտ 4 605 ռուբլի: Թայլանդ`4559 ռուբլի: Առաջատարների հնգյակում են նաև Հայաստանը և Գերմանիան: Այդ երկրներում հանգստացողները միանվագ վճարել են համապատասխանաբար 3953 և 3708 ռուբլի:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, հղում կատարելով ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին, հաղորդել էր, որ 2017-ի վերջին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 1,5 միլիոնը: Զեյթունցյանը նշել է, որ, ըստ պաշտոնական տվյալների, հաշվետու ժամանակաշրջանում, Հայաստան է այցելել 1.172 մլն զբոսաշրջիկ, տարեկան աճը`21%:
Նշենք, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվում առաջատարն է Ռուսաստանը-447.8 հազար զբոսաշրջիկ, տարեկան աճը`31,6%, այնուհետև հաջորդում են` Վրաստան- 236,8 հազար, տարեկան աճը`10,6%, Իրան - 180,6 հազար զբոսաշրջիկ, տարեկան աճը`12,6%, Միացյալ Նահանգներ - 38.4 հազար, տարեկան աճը`35.8%, Ուկրաինա`22,9 հազար, տարեկան կտրվածքով աճը`16,3%:
2017 թվականին տուրիզմի զարգացմանը ՀՀ կառավարությունը հատկացրել էր 200 հազար դոլար, իսկ 2018 թվականին այդ գումարը կավելացվի մինչև 400 հազար դոլար: