Արմինֆո. Ազգային ժողովում լսումներ են անցկացվել առանձին ապրանքատեսակների գների էական աճի առնչությամբ: Հունվարի 15-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:
Նրա ասելով, լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀՀ նախագահը, և ինքը տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովին կարգադրել է լսումներ անցկացնել պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Ելք՚ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ կառավարող ՀՀԿ-ին հանկարծ մտահոգել է գնաճը, քանի որ ինֆլյացիոն գործընթացների մասին խոսք է գնացել 2017 թվականի ողջ ընթացքում: Նոր Հարկային օրենսգրքի ընդունումից հետո մոտալուտ գնաճի մասին նախազգուշացնում էին թե մասնագետները, թե փորձագետները, թե ԱԺ պատգամավորները: «Դժվար չէր կանխատեսել գնաճ, եթե հեղուկ գազի ակցիզային հարկը 8 հազար դրամից 2018 թվականի հունվարի 1-ին ավելացվել է մինչև 25 հազար դրամ, իսկ դիզելային վառելիքի և բենզինի ակցիզային հարկը` 25 հազարից մինչև 40 հազար դրամ, ինչը հանգեցրել է դոմինոյի էֆեկտի: Այս համատեքստում կառավարող ուժի զարմանքն անհասկանալի է՚, - ընդգծել է պատգամավորը: Նա ժամանակավրեպ է համարել խորհրդարանական լումների անցկացումը` կոչ անելով արտահերթ կարգով ուղղումներ կատարել Հարկային օրենսգրքում: Ամեն դեպքում, Էդմոն Մարուքյանը երկրի քաղաքացիներին կոչ է արել հունվարի 19-ին դուրս գալ փողոց և իրենց վերաբերմունքը հայտնել իշխանությունների գործողությունների նկատմամբ: «Այլ տարբերակ չկա, քանի որ ներկա ձևաչափով քննարկումներն իրենց սպառել են՚, - կարծում է պատգամավորը:
«Ելք՚ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, վկայակոչելով պաշտոնական վիճակագրության տվյալները, ընդգծել է, որ 2017 թվականին Հայաստանում դիտվել են լրջագույն ինֆլյացիոն գործընթացներ: Մասնավորապես, կարագը թանկացել է 41%-ով, խոզի միսը` 38%-ով, լոլիկը` 31%-ով, ոչխարի միսը` 28%-ով, կարտոֆիլը 28%-ով, ձուկը` 23%-ով, տավարի միսը` 18%-ով, դիզելային վառելիքը` 18%-ով, բենզինը` 18%-ով և այլն: 2018 թվականի հունվարի 1-ին նոր Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ինֆլյացիան նոր թափ է առել: Արդյունքում, ինչպես կարծում է պատգամավորը, ինֆլյացիան հասել է մինչև 20%: Եվ դա այն դեպքում, որ Ազգային վիճակագրական ծառայությունը, առնվազն, երկու անգամ նվազեցնում է ինֆլյացիայի իրական տեմպերը: Իսկ եթե նկատի ունենանք, որ 2018 թվականի կեսից կսկսվի վճարումների իրականացումը պարտադիր կուտակային կենսաթոշակի շրջանակում, ակնհայտ է դառնում, որ իրավիճակը երկրում էլ ավելի կբարդանա: Քանի որ իշխանությունները հրաժարվում են քննարկել ուղղումները երկրի օրենսդրությունում, Նիկոլ Փոշինյանը քաղաքացիներին կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ հունվարի 19-ին Շառլ Ազնավուրի հրապարակում նախատեսվող բողոքի գործողությանը, որը կազմակերպում է «Ելք՚ խմբակցությունը:
Նշենք, որ 2018 թվականին Հաայստանում զգալիորեն բարձրացել են թռչնամսի, կարագի, բենզինի, հեղուկ գազի, ոգելից խմիչքների, հավկիթի, շաքարի և այլ ապրանքների գները: Առաջիկայում սպասվում է ծխախոտի թանկացում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թանկացումները պայմանավորված են ավելի քան 800 ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացմամբ: Դրանք, հիմնականում, պայմանավորված են այն հանգամանքով, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնել նոր Հարկային օրենսգիրքը, ինչպես նաև` ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգիրքը, ինչը ենթադրում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացում: Գնաճը քննարկելու նպատակով հունվարի 10-ին խորհրդակցություն էր անցկացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` գնաճի հետևանքների հնարավոր մեղմմանը նպատակաուղղված որոշումներ մշակելու նպատակով: Կառավարությանը հանձնարարվել է կազմել սոցիալապես կարևոր ապրանքների ցանկը, անընդհատ ուսումնասիրել դրանց գների դինամիկան, ներկայացնել գնային փոփոխությունները պայմանավորող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, գնահատել դրանց թանկացման ռիսկերը և միջոցներ առաջարկել թանկացումների ազդեցությունը մեղմելու նպատակով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում անվանական աշխատավարձի աճի տեմպերն արագացել են` 2016 թվականի հունվար-նոյեմբերի 2%-ից մինչև 2,6%` 2017թ. հունվար-նոյեմբերին, և այն կազմել է 189631 դրամ (393 դոլար): Պետական հատվածում աշխատավարձը 2017թ. հունվար-նոյեմբերին կազմել է 159 270 դրամ (330 դոլար), մեկ տարում մնալով անփոփոխ` նախորդ տարվա 9,7% աճից մինչև 1,2% անկում վատթարացման դիմաց: Ընդ որում, մասնավոր հատվածում աշխատավարձի աճի տեմպերը կդանդաղեն մինչև 3,6%` նախորդ տարվա 4,4%-ից, կազմելով 225 966 դրամ (468 դոլար): Հայաստանի սպառողական շուկայի համար 2017 թվականը գնաճային էր` 2,6%, երկու տարի դեֆլյացիայից հետո` 2016թ. 1,1% և 2015թ. 0,1%: Դա, հիմնականում, պայմանավորված էր պարենային ապրանքների գների 5,3% և ոչ պարենային ապրանքների գների 1,7% աճով` ծառայությունների սակագների 0,5% նվազման պայմաններում: 2017թ.-ին սպառողական գների ամսական միջին աճը կազմել է 0,2%` նախորդ տարվա 0,1% անկման դիմաց: