Արմինֆո. Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Աղբյորի համաձայն, ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում տարեկան առավելագույնը մինչև 12% տրամադրվող անվանական տոկոսադրույքով նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), սուբսիդավորվելու է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3%: Ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ, իսկ տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ 1.0 մլրդ դրամ:
Ծրագրին մասնակցում են հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները՝
«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ,
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Էվոկաբանկ» ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ (նախկին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ), «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:
Պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերություններին առաջարկվում է ծրագրից օգտվելու նպատակով սկսել գյուղացիական տնտեսությունների հետ բերքի գնման պայմանագրերի կնքումը և աշխատել վերը նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, գյուղատնտեսական վարկերի ծավալը 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հասել է 147.8 մլրդ դրամի կամ 309 միլիոն դոլարի, ինչը տարեկան կտրվածքով նվազել է: Գյուղատնտեսական վարկերի անփոխարինելի առաջատարն է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, ներառելով ընդհանուր ծավալի 47% -ը: