Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018 19:08
Ալինա Հովհաննիսյան

Ամուլսարի ծրագիրն արժանացել է ICMC ստանդարտների համապատասխանության վկայագրին նախաարտադրական ցիկլում

Ամուլսարի ծրագիրն արժանացել է ICMC ստանդարտների համապատասխանության վկայագրին նախաարտադրական ցիկլում

Արմինֆո. Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախաարտադրական փուլում Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը: Լիդիանի այս ձեռքբերման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը:

Ինչպես տեղեկացնում է Ընկերության մամուլի ծառայությունը, Լիդիանի Ամուլսարի ծրագիրն առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է աշխարհում, որը ստացել է նախաարտադրական սերտիֆիկատ՝ Օրենսգրքում 2016 թվականին կատարված փոփոխություններից հետո, որոնք ներառում են ավելի խիստ աուդիտորական ուղեցույցներ:
Լիդիանի Ամուլսարի ծրագիրը նախաարտադրական սերտիֆիկատ ստացած հինգերորդ ծրագիրն է աշխարհում և առաջին հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանում, որ սերտիֆիկացում է անցել Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի կողմից:  
Ամուլսարի ծրագրի աուդիտի  զեկույցի հաշվետվությունը Ցիանիդի կառավարման  միջազգային ինստիտուտին է ներկայացվել երրորդ կողմ հանդիսացող պրոֆեսիոնալ աուդիտի կողմից 2017 նոյեմբերին: Աուդիտը գնահատել էր Ամուլսարի ծրագիրի համապատասխանությունը Ինստիտուտի  նախաարտադրական ուղեցույցի չափանիշներին: Հունվարի 18-ի Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի  պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ  համաձայն անկախ աուդիտի արդյունքների, Լիդիանը համապատասխանում է Ցիանիդի օրենսգրքի նախաձեռնության սկզբունքներին և պրակտիկային:   
Ամուլսարի ոսկու հանքը ստացել է պայմանական սերտիֆիկատը և պետք է ևս մեկ աուդիտ անցնի՝  ցիանիդի առաջին ներմուծման պահից հետո մեկ տարվա ընթացքում, որպեսզի գնահատվի ծրագրի համապատասխանությունը Ցիանիդի Օրենսգրքին արդեն արտադրական փուլում: Այնուհետև, Ամուլսարի ոսկու հանքում իրականացվելու է աուդիտ՝ ամեն երեք տարին մեկ՝ գնահատելու Ծրագրի շարունակական համապատասխանությունը Ցիանիդի օրենսգրքի պահանջներին:

Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: