Արմինֆո. «Գների աճի շուրջ խորհրդարանական լսումների գլխավոր նպատակը բոլոր կողմերին լսելն էր, հասարակայնության կարծիքն իմանալը, ծանոթանալը փորձագետների տեսակետներին և համապատասխան հետևություններ անելը: Լսումների նպատակը հարկային օրենսգրքի անհապաղ փոփոխությունը չէ, կամ` ընդդիմության և իշխանությունների բախումը, մենք պետք է, նախ, ծանոթանանք փորձագետների տեսակետին՚, - հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հունվարի 25-ին մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ գների աճը Հայաստանում արհեստական չէ, և այդ գործընթացը վերահսկելի է: Որպես իր խոսքերի ապացույց` Շարմազանովն ընդգծել է այն փաստը, որ հարևան Վրաստանում գների աճը կազմել է 4,7 տոկոս, Ադրբեջանում` 7,9 տոկոս, իսկ Հայաստանում գներն ավելացել են, ընդամենը, 2,6 տոկոսով: «Մենք չենք ապրում ողջ աշխարհից մեկուսացած, և միջազգային շուկայում գների աճը հանգեցնում է գնաճի նաև Հայաստանում: Այժմ ԽՍՀՄ չէ, և շուկան է պայմանավորում գինը: Եթե մենք արհեստականորեն զսպենք գների աճը, ապա դա կհանգեցնի էլ ավելի ծանր հետևանքների՚, - հավաստիացրել է պատգամավորը:
Փոխխոսնակի կարծիքով, իրավիճակից ելքը ոչ թե ինֆլյացիայի զսպումն է, այլ կենսաթոշակների և աշխատավարձերի աստիճանական բարձրացումը: «Այսօր մենք աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու հնարավորություն չունենք: Սակայն հուսով ենք, որ այս տարի Հայաստանում կարձանագրվի տնտեսական աճ, և դրա հաշվին մենք կունենանք 2019-2020թթ. աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու հնարավորություն՚, - ընդգծել է Շարմազանովը:
Խոսելով նոր Հարկային օրենսգիրքը վերանայելու հնարավորության մասին, ինչը, ընդդիմության կարծիքով, կհանգեցնի գների նվազման, Շարմազանովը հայտարարել է, թե ոչ մի օրենք դոգմա չէ: «Օրենքը պետք է ծառայի մարդուն, այլ ոչ թե մարդը` օրենքին: Եթե անհրաժեշտություն ծագի, ապա մենք կքննարկենք Հարկային օրենսգիրքը փոփոխելու հնարավորությունը, սակայն առայժմ դրա անհրաժեշտությունը չկա: Բացի այդ, պետք է նշեմ, որ ոչ մի ընդդիմադիր հանրահավաք ի զորու չէ փոխել իրավիճակը երկրում: Եթե մենք փող չունենք, փողոց դուրս գալով, դրանք վերևից մեր գլխին չեն թափվի՚, - նշել է փոխխոսնակը: