Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ՀՀ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Նիդեռլանդների կողմից շարունակաբար ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական աջակցության համար, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների՝ ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի , ինչպես նաև հոլանդական խմբի միջոցով, որի անդամ է Հայաստանը:
Վարչապետը գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին, ներկայացրել մակրոտնտեսական ցուցանիշներն ու աճի դրական միտումները, նշել, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը, Եվրամիության հետ համագործակցությունն ու հարևան Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները Հայաստանը հետաքրքիր են դարձնում տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու առումով:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիության հարաբերություններին և անցած տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընձեռված հնարավորություններին:
Վարչապետ Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում մեկնարկած բարեփոխումները՝ ընդգծելով, որ այստեղ փոխգործակցության մեծ ներուժ է առկա: «Մենք չափազանց հետաքրքրված ենք Նիդեռլանդների՝ որպես գյուղատնտեսության ոլորտում աշխարհում առանցքային նշանակություն ունեցող երկրներից մեկի փորձով և գիտելիքներով», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Մարկ Ռուտեն իր հերթին նշել է, որ Նիդեռլանդները գյուղատնտեսության արտադրանքի ծավալներով աշխարհում երկրորդ երկիրն է, և իրենք ուրախ կլինեն կիսվել այդ բնագավառում իրենց փորձով ու պատրաստակամ են գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |