Արմինֆո. 2017 թվականի արդյունքներով Արդշինբանկը հիմնական ցուցանիշների գծով հաստատվել է առաջատար եռյակում: ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի էքսպրես-ռենքինգի՚ տվյալներով, բանկի ակտիվները հասել են 568.3 մլրդ դրամի (1.2 մլրդ դոլար), ընդհանուր պարտավորությունները` 501.7 մլրդ դրամի (1.04 մլրդ դոլար): Տարեկան կտրվածքով բանկն ապահովել է ակտիվների 3,6% աճ` ինչպես վարկային պորտֆելի, այնպես էլ արժեթղթերում ներդրումների աճի հաշվին: Դրան զուգընթաց բանկը 5,2%-ով ավելացրել է ընդհանուր պարտավորությունները` հաճախորդների ժամկետային ավանդների և ցպահանջ ավանդների աճի հաշվին:
Արդշինբանկի ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումներին և այլ փոխատվություններին բաժին է ընկել ավելի քան 69% կամ 392.5 մլրդ դրամ (810.8 մլն դոլար, տարեկան աճը 9,6%): 2017 թվականին արժեթղթերում բանկի ներդրումների ծավալն ավելացել է 65,1%-ով` հասնելով 34.1 մլրդ դրամի (70.5 մլն դոլար): Իսկ բանկի ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում հաճախորդների ժամկետային ավանդների և ցպահանջ ավանդների բաժինը կազմել է 68,8% կամ 345 մլրդ դրամ (712.6 մլն դոլար, տարեկան աճը 11,9%), բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցներինը` 21,6% կամ 108.1 մլրդ դրամ (233.3 մլն դոլար), իսկ թողարկված սեփական կորպորատիվ պարտատոմսերից ներգրավված միջոցներինը` 9,3% կամ 46.7 մլրդ դրամ (96.5 մլն դոլար):
2017 թվականի արդյունքներով Արդշինբանկի զուտ շահույթը կազմել է 5.7 մլրդ դրամ (11.8 մլն դոլար): Բանկի ընդհանուր կապիտալի կառուցվածքում, որը կազմել է 66.6 մլրդ դրամ (137.6 մլն դոլար), կանոնադրական կապիտալին բաժին է ընկնում 75,4% կամ 50.2 մլրդ դրամ (շուկայում 1-ին դիրք), իսկ կուտակված շահույթին` 12,6% կամ 8.4 մլրդ դրամ: Տարեկան կտրվածքով բանկը 2,6 անգամ ավելացրել է կանոնադրական կապիտալը:
2017 թվականին բանկը նորմատիվային ընդհանուր կապիտալն ավելացրել է 29%-ով, մինչև 58.2 մլրդ դրամ, ինչը 94%-ով գերազանցում է 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած 30 մլրդ դրամի նվազագույն նորմատիվը: 2018 թվականի հունվարի 1-ին Արդշինբանկի կապիտալի բավականաչափության նորմատիվը կազմել է 13,29% (N1, պահանջվող նվազագույն 12%-ի դեպքում), ընդհանուր իրացվելիության նորմատիվը`28,28% (N2/1, պահանջվող 15% նվազագույնի դեպքում) և ընթացիկ իրացվելության նորմատիվը`131,26% (N2/2, պահանջվող 60% նվազագույնի դեպքում):
Նշենք, որ Արդշինբանկը պահպանում է առաջատար դիրքն արդյունաբերական հատվածի վարկավորման գծով, ամրապնդել է դիրքերը առաջատար եռյակում` շինարարության հատվածի, տրանսպորտի և կապի ոլորտի, հասարակական սննդի և ծառայությունների ոլորտների վարկավորման գծով, հաստատվել է 4-րդ դիրքում առևտրի հատվածի և ՓՄՁ ոլորտի վարկավորման գծով: Դրան զուգընթաց, բանկը դիրքերն ամրապնդել է սպառողական վարկերի գծով առաջատար եռյակում, մասնավորապես, առաջ անցնելով հիփոթեքային վարկավորման գծով:
Հիշեցնենք, որ «Արդշինբանկ՚ ՓԲԸ հիմնվել է 2003 թվականին: Այժմ Արդշինբանկը, հաշվի առնելով 2016 թվականի դեկտեմբերին նրա հետ միավորված Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ խումբը, ունի 64 մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում են, 42-ը` Հայաստանի մարզերում, և 3-ն` Արցախում: Մասնաճյուղերի ընդհանուր թվով և, մասնավորապես, տարածաշրջանային ցանցով բանկը պահպանում է 2-րդ դիրքը: Արդշինբանկն ունի նաև ներկայացուցչություն Փարիզում: Որպես Արդշինբանկի մեծամասնական բաժնետեր հանդես են գալիս «Արինս Գրուպ՚ ՍՊԸ-ն (վերանվանված «Բիզնես ներդրումների կենտրոն՚ ՍՊԸ-ն է)` 69,96%, և «ՌԵԳԻՈՆ արդյունաբերական-ֆինանսական կորպորացիա՚ ՓԲԸ` 27,53%: