Արմինֆո. Անելիք Բանկն իր հաճախորդներին է առաջարկում 999.9 հարգի ոսկով անկանխիկ գործարքների իրականացման համար նախատեսված առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում և վարում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, առարկայազուրկ մետաղական հաշիվներն անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող հաշիվներ են, համաձայն որոնց հաճախորդին հնարավորություն է տրվում բանկում բացել առարկայազուրկ մետաղական հաշիվ` հաշվում առկա գումարը վերածելով առարկայազուրկ ոսկու:
«Առարկայազուրկ մետաղական հաշվի ծառայությունը հաճախորդին տալիս է մի շարք առավելություններ, ինչպիսիք են՝ ոսկու արժեքի բարձրացման հետևանքով եկամտի ստացում, արժութային փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում, ոսկու առարկայապես գնման դեպքերում կեղծիքներից խուսափելու հնարավորություն, առարկայական ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն, ինչպես նաև ժամանակի էական տնտեսում և արագ իրացվելիություն: Ներդրման այս տարբերակը օպտիմալ է նաև խնայողոթյունների դիվերսիֆիկացման, երկարաժամկետ ներդրումների և լրացուցիչ եկամտի ստացման համարե, - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, առարկայազուրկ մետաղական հաշիվը բացվում է անվճար, հաշվի նվազագույն մնացորդ չի սահմանվում:
Աղբյուրի համաձայն, հաշվով իրականացվող անկանխիկ ոսկու հաշվառումն ու գործարքների կնքումը կատարվում է միայն հաշվի առնելով 999.9 հարգի ոսկու քաշը: Մետաղական հաշվից ոսկու ելքագրումն իրականացվում է հաշվում առկա անկանխիկ ոսկին բանկի կողմից սահմանված փոխարժեքով բանկին վաճառելու կամ այլ բանկերում անկանխիկ ոսկու հաշիվներին փոխանցելու միջոցով:
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):