Արմինֆո. Euromoney ամսագրի առևտրի ֆինանսավորման վերաբերյալ 2018թ.-ի հետազոտության համաձայն՝ HSBC-ն ճանաչվել է շուկայի առաջատար գլոբալ առևտրի ֆինանսավորման ոլորտում:
Ինչպես տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայությունը, հետազոտության համար հիմք են ծառայել միջազգային առևտրի ոլորտում գործող ավելի քան 7,000 բիզնեսների շրջանում անցկացված հարցման արդյունքները: Հարցման ընթացքում բիզնեսների ներկայացուցիչները գնահատել են առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար կառույցները: Առաջին անգամն է, որ տարեկան հարցման արդյունքում HSBC բանկը բացարձակ առաջատարի դիրք է զբաղեցրել:
Հետազոտության համաձայն՝ HSBC-ն ճանաչվել է առաջատար առևտրային բանկ հատկապես Լատինական Ամերիկայում և Միջին Արևելքում, ինչպես նաև հետևյալ երկրներում` Արգենտինա, Բանգլադեշ, Հոնկոնգ, Հնդկաստան, Մեքսիկա, Քաթար, Սինգապուր, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ և Վիետնամ:
Նատալի Բլիթը՝ HSBC Խմբի առևտրի ֆինանսավորման գծով ղեկավարը, նշում է. «Ուրախ եմ, որ առաջին անգամ մեր հաճախորդների կողմից ճանաչվել ենք աշխարհում առևտրի ֆինանսավորման առաջատար բանկ: Առևտրի ոլորտն արագ է փոփոխվում, և մենք՝ որպես առևտրի առաջատար, պարտավոր ենք կանխատեսել մեր հաճախորդների կարիքներն ու առաջնակարգ լուծումներ առաջարկել շրջանառու կապիտալի և հաճախորդների սպասարկման ոլորտներում: Պետք է օգտվենք այս հնարավորությունից 2018թ.-ին մեր հասանելիությունն ու առաջատար դիրքն ընդլայնելու համար և շարունակենք գործունեության առանցքում պահել հաճախորդների կարիքներն ու շահերը»:
Նշենք, որ Euromoney ամսագրի առևտրի ֆինանսավորման վերաբերյալ հետազոտության նպատակն է արժեքավոր տեղեկատվություն տրամադրել գլոբալ առևտրի ֆինանսավորման շուկայի վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն տալ հաճախորդների գնահատականների հիման վրա դասակարգելու առևտրի ֆինանսավորման կառույցները: 2018թ.-ի հետազոտության արդյունքները նշանավորում են միջազգային շուկայում առևտրի ֆինանսավորման առաջատար բանկի առկայությունը և տարածաշրջանային կառույցների աստիճանաբար մեծացող ազդեցությունը: Այս տարի հարցմանն առաջադրվել են ամենամեծ թվով բանկեր՝ 390 հաստատություն աշխարհի տարբեր երկրներից՝ նախորդ տարվա 198-ի համեմատ:
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբն իր հաճախորդներին ծառայություններ է տրամադրում իր մոտ 3,900 գրասենյակներից, որոնք գտնվում են 67 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2017թ-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,526 միլիարդ ԱՄՆ դոլար: