Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը «ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի հետ ստորագրել են Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր:
Ինչպես տեղեկացնում է Նախարարության մամուլի ծառայությունը, Աշոտ Հարությունյանը նշել է. որ այս ծրագրերի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել գյուղատնտեսությունը: Կարկտապաշտան ցանցերի շնորհիվ բերքը կապահովվի գրեթե 100 տոկոսով և կլինի որակյալ, իսկ կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը ոչ միայն կնպաստի, որ ունենանք ջրի մինչև 50 տոկոսի խնայողություն, այլև կնպաստի արտադրվող բերքի ինքնարժեքի նվազմանը:
Անդրադառնալով ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման ծրագրին՝ նախարարի տեղակալը մանրամասնել է, որ այս դեպքում ոչ միայն բերքը կապահովագրվի բնական աղետներից և թույլ կտա ջրի խնայողություն կատարել, այլև կիրառվող նոր տեխնոլոգիաների և բույսերի սնուցումների տարբեր եղանակների շնորհիվ այգին բերքատվության կանցնի շատ ավելի վաղ՝ ի տարբերություն ավանդական այգու, ինչի շնորհիվ հնարավոր է սեղմ ժամկետում մարել վարկային պարտավորությունը:
«Ինչպես և ակնկալվում էր, ֆինանսական կազմակերպությունների կողմից բավականին մեծ է հետաքրքրությունը այս ծրագրերի նկատմամբ: Աշխարհագրությունն ընդլայնվում է, ինչն էլ թույլ է տալիս, որպեսզի գյուղացիական տնտեսությունները կարողանան օգտվել տարբեր կազմակերպությունների ծառայություններից»,-ասել է Վահե Հարությունյանը:
«Մենք կարծում ենք, որ չպետք է անմասն մնանք ցանկացած նախաձեռնությունից, որը բխում է Հայաստանի Հանարապետության տնտեսության զարգացման տեսլականից»,- նշել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:
«ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ» ՈՒՎԿ ԱԿ գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանի խոսքով՝ կնքված հուշագրերը հնարավորություն կտան կոոպերատիվի անդամներին ապահովել վարկային նոր գործիքներով:
Ըստ Գյուղատնտեսության նախարարության տվյալների, վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորման ծրագրի շրջանակներում հակակարկտային ցանցերի տեղադրման նպատակով վարկերը կտրամադրվեն 7 տարի մարման ժամկետով, 14% տարեկան տոկոսադրույքով, որի սուբսիդավորումը թույլ կտա հաճախորդին վարկը տրամադրել 2% տոկոսադրույքով: Ըստ ծրագրի, 0.5-10 հեկտար տարածով առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ ինտենսիվ պտղատու այգիների ստեղծմանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում վարկերը կտրամադրվեն մինչև 7 տարով, 5% տարեկան տոկոսադրույքով: Իսկ կաթիլային ոռոգման համակարգերի վարկերը կտրամադրվեն մինչև 3 տարով և տարեկան 14% տոկոսադրույքով, որոնց սուբսիդավորումը թույլ կտա վարկը տրամադրել 2% տոկոսադրույքով:
Նշենք, որ 2018 թվականի հունվարին այդ ծրագրին միացան նաև ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը և Ինեկոբանկը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, գյուղատնտեսական վարկերի ծավալը 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 147.8 մլրդ դրամ կամ 309 մլն դոլար, տարեկան անկումը`4.4%, իսկ 2017 թվականի 9 ամիսներին`2%: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հանդես է գալիս որպես Հայաստանի գյուղատնտեսական վարկավորման անվիճելի առաջատարը, ընդգրկելով ընդհանուր շուկայի 47%-ը (69,5 մլրդ դրամ), իսկ Արմսվիսբանկի մասնաբաժինը կազմում է 4% կամ 6,3 մլրդ դրամ (տարեկան աճը`10,5%): Այս ցուցանիշով Արմսվիսբանկը 5-րդ տեղում է: Ըստ ԱրմԻնֆո-ի Ռենկինգի, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ վարկային պորտֆելը 2018 թվականի հունվարի 1-ին հասել է 10.1 մլրդ դրամի (տարեկան աճը`24.6%), Հայաստանի ՈւՎԿ-ների շարքում զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը: