Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է մայրաքաղաքի հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանն այցելել է կենտրոն համայնքում տեղակայված «Իբիս Երևան Կենտրոն» և «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել», շրջել այդ հյուրանոցային համալիրներում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:
Ֆրանսիական «ԱկկոռՀոթելս» աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի անդամ «Իբիս» հյուրանոցը, համագործակցելով միջազգային հյուրանոցային ցանցի հետ, պատասխանատուների հավաստմամբ, բավարարում է միջազգային ամենախիստ պահանջները և հայաստանյան խոշոր հյուրանոցներից է՝ իր 255 սենյակների հնարավորությամբ:
Հանրապետության նախագահին տեղեկացրել են, որ 2017 թվականի ընթացքում «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցն ընդունել է շուրջ 18,500 հյուր՝ ավելի քան 80 երկրից: 2018 թվականին ակնկալվում է այցելուների աճ առնվազն 25 տոկոսով: Հյուրանոցն ունի 98 աշխատակից՝ 245 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Հյուրանոցի կառուցման նպատակով կատարված ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 10 միլիարդ դրամ:
Հայաստանի հյուրանոցաշինության և զբոսաշրջության ոլորտում իր զգալի ներդրումն ունեցող «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ին պատկանող «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» հյուրանոցում նախագահին ներկայացրել են, որ հյուրանոցը գործունեությունն սկսել է 2018 թվականի հունվարից` ստեղծելով շուրջ 40 աշխատատեղ՝ 200 000-250 000 դրամ միջին աշխատավարձով: Ելնելով բուտիկ հյուրանոցի չափանիշներից՝ «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել»-ի յուրաքանչյուր սենյակ հագեցված է ոճային և ինքնատիպ կահավորմամբ, ժամանակակից հարմարություններով, մատուցվող ծառայություների բարձր որակով, հարմարավետությամբ և շքեղությամբ: «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» հյուրանոցի կառուցման և կահավորման համար վարկային և այլ միջոցներից ներդրումները կազմել են շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: