Արմինֆո. Արցախը կայուն և դինամիկ զարգացող տնտեսությամբ հանրապետություն է, ինչը հստակ արտացոլվում է վերջին 10 տարում երկրի երկնիշ տնտեսական ցուցանիշներում, և դա՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը տնտեսապես զարգացած տարածաշրջան չէր խորհրդային տարիներին, իսկ արդեն պատերազմից հետո ստիպված էինք ամեն բան զրոյից սկսել:
Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ համառ և քրտնաջան աշխատանքի արդյունքում, այնուամենայնիվ, հաջողվեց կայուն զարգացման ուղու վրա դնել հանրապետությունը: «Մեր հետագա ծրագրերը նույնպես հավակնոտ են, մտադիր չենք թուլացնել զարգացման տեմպերը: Հիմնական շեշտը, իհարկե, դրվելու է էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտների վրա, ինչն իր զգալի ներդրումն է ունեցել երկնիշ տնտեսական աճի ապահովման գործում»,- հայտարարել է պետնախարարը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին լավ է զարգանում նաև զբոսաշրջությունը:
Արդյունքում, նշել է նա, այսօր բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է մոտ $4 հազար: «Դա, իհարկե, վատ ցուցանիշ չէ, բայց մենք մտադիր չենք բավարարվել ձեռքբերվածով՝ շատ ավելի բարձր նշաձող դնելով մեր առջև: Արցախը պետք է վերածվի քաղաքացիների համար սոցիալ-տնտեսական առումով գրավիչ երկրի»,- ընդգծել է Հարությունյանը:
Հանրապետության աճի բարձր տեմպերը պետնախարարը բացատրել է առաջին հերթին տարբեր ոլորտներում, ամենից առաջ՝ էներգետիկայում և հանքարդյունաբերությունում, չօգտագործված տնտեսական ներուժի բացահայտմամբ: «Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ մենք ներդրումների խթանման արդյունավետ քաղաքականություն ենք իրականացրել: Չնայած մի շարք լուրջ խոչընդոտներին՝ ներկայումս Արցախում խոշոր ներդրումային նախագծեր են իրականացվում: Հանրապետության տնտեսությունում միջոցներ են ներդնում ինչպես օտարերկրյա հայազգի գործարարներ, այնպես էլ՝ ոչ հայեր: Հանրապետության տնտեսությունում ներդրումներ են կատարում նաև Հայաստանից գործարարներ: Այնպես որ՝ Արցախի ներդրումային աշխարհագրությունը շատ լայն է»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ ներդրողների համար Արցախում ստեղծված են ամենաբարենպաստ պայմանները, ինչը կայանում է ձեռներեցներին պետական աջակցությամբ: Պետնախարարի խոսքով, ներդրողների համար գլխավոր խթանը հավատն ու վստահությունն են: «Ահա այդ ոլորտում մեր հաջողության բանաձևը, և, որպես արդյունք, վերջին 10 տարում $470 մլն ներդրումները»,- ամփոփել է Արայիկ Հարությունյանը: