
Արմինֆո. «ՎանՍևան» գինեգործական ընկերությունը 150 մլն դրամ կներդնի արտադրության ընդլայնման գործում: Կառավարությունն այսօր կայացած նիստում բավարարել է «ՎանՍևան» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Ընկերության ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գինեգործության մեջ։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել մոտ 150 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 7 աշխատատեղ՝ 160 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ծավալները ծրագրի իրականացման 3-րդ տարում կկազմեն մոտ 684 մլն ՀՀ դրամ, որից 17 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, 152,6 մլն ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ, իսկ 514,4 մլն ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի երրորդ երկրներ։