Արմինֆո.Վարչապետ Կարեն Կարապետյանը և Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը քննարկել են վերջերս Ալմաթիում Հայաստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Նազարուկն ընդգծել է, որ Հայաստանի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Բելառուսի վարչապետը տարբեր գերատեսչությունների ղեկավարների առջև Հայաստանի հետ տնտեսական կապերի ակտիվացման խնդիր է դրել և համապատասխան հանձնարարականներ է տվել: Ստեղծվել է նաև աշխատանքային խումբ, որը Բելառուսի փոխվարչապետի գլխավորությամբ առաջիկայում կայցելի Հայաստան:
Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ տնտեսական կապերն առաջ մղելու համար առկա են և լայն հնարավորություններ, և համապատասխան ներուժ: Այն իրացնելու համատեքստում ՀՀ վարչապետն ու Բելառուսի դեսպանն անդրադարձել են գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնապահաության, գյուղտեխնիկայի մատակարարման, գյուղմթերքների արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ավիաչվերթերի դիվերսիֆիկացման հնարավորություններին, Մեղրիի ազատ տնտեսական գոտում բելառուսական ընկերությունների ներգրավմանը վերաբերող և մի շարք այլ հարցերի:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Ալմաթիում հանդիպել էր Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Երկու պետությունների գործադիր մարմինների ղեկավարները քննարկել էին հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և փոխգործակցության զարգացման հեռանկարները: ՀՀ վարչապետը գոհունակությամբ նշել էր, որ անցած տարվա առաջին 11 ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 20 տոկոսով, և պետք է պահպանել ու խթանել դրական միտումները: Քննարկվել էին են տարբեր բնագվառներում, մասնավորապես՝ անասնաբուծության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները: Այս տեսանկյունից կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Հանդիպմանն անդրադարձ էր կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: