Ուրբաթ, 9 Փետրվարի 2018 12:39
Նաիրա Բադալյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ու ԱՄԷ Ռաս ալ Խայմա Էմիրության ղեկավարը քննարկել են տրանսպորտի, ՏՏ և ճանապարհաշինության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ու ԱՄԷ Ռաս ալ Խայմա Էմիրության ղեկավարը քննարկել են տրանսպորտի, ՏՏ և ճանապարհաշինության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները

Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 8-ին հանդիպել է ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության, թվային ենթակառուցվածքների ոլորտների զարգացման հեռանկարներին, տրանսպորտային միջանցքներին, ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ավիացիոն փոխադրումներին, ստարտափներին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

 

Վահան Մարտիրոսյանը Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող ՀՀ պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը: 

Մասնավորապես, ներկայացվել են Հայաստանի տնտեսական աճի տեմպերը, ՏՏ ոլորտում գրանցված ցուցանիշներն ու ձեռքբերումները, Հայաստանի թվային օրակարգը, պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվող ներդրումային ծրագրերը, ինչպես նաև ՀՀ առևտրատնտեսական հարաբերությունները ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ:

Հանդիպման ավարտին նախարար Վահան Մարտիրոսյանը Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին հրավիրել է Հայաստան։

 

Հավելենք, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության  տվյալների համաձայն, 2017 թվականի արդյունքներով Հայաստանի և ԱՄԷ միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 202,8 մլն դոլար, տարեկան կտրվածքով արձանագրվել է 70% աճ: Առևտրաշրջանառության կառուցվածքում արտահանումն ավելացել է 61,1%-ով, մինչև 102,8 մլն դոլար, իսկ ներմուծումը` 80,2%-ով, մինչև100 մլն դոլար: