Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 8-ին հանդիպել է ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության, թվային ենթակառուցվածքների ոլորտների զարգացման հեռանկարներին, տրանսպորտային միջանցքներին, ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ավիացիոն փոխադրումներին, ստարտափներին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Վահան Մարտիրոսյանը Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող ՀՀ պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը:
Մասնավորապես, ներկայացվել են Հայաստանի տնտեսական աճի տեմպերը, ՏՏ ոլորտում գրանցված ցուցանիշներն ու ձեռքբերումները, Հայաստանի թվային օրակարգը, պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվող ներդրումային ծրագրերը, ինչպես նաև ՀՀ առևտրատնտեսական հարաբերությունները ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ:
Հանդիպման ավարտին նախարար Վահան Մարտիրոսյանը Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին հրավիրել է Հայաստան։
Հավելենք, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2017 թվականի արդյունքներով Հայաստանի և ԱՄԷ միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 202,8 մլն դոլար, տարեկան կտրվածքով արձանագրվել է 70% աճ: Առևտրաշրջանառության կառուցվածքում արտահանումն ավելացել է 61,1%-ով, մինչև 102,8 մլն դոլար, իսկ ներմուծումը` 80,2%-ով, մինչև100 մլն դոլար:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |