Արմինֆո. Մինչև 2021 թվականը Հայաստանում կավարտվեն երկրի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացմանն ուղղված բոլոր միջոցառումները: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով, 2017 թվականին սկսված բարեփոխումը վերջին 15 տարում ամենախոշոր իրադարձությունը կդառնա էներգետիկ ոլորտում: Այն ենթադրում է էլեկտրաէներգիայի այլընտրանքային մատակարարի ինստիտուտի ներդնում: Սպառողը հնարավորություն կունենա, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից բացի, էլեկտրաէներգիա ձեռք բերել նաև այլ մատակարարներից: Այնուամենայնիվ, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կմնան երաշխավորված մատակարար: Այն սպառողը, որը չի ցանկանա էլեկտրաէներգիա ձեռք բերել այլընտրանքային մատակարարներից, կկարողանա շարունակել ստանալ այն ցանցերից: Եվս մեկ նորություն վերաբերում է խոշոր մեծածախ սպառողների շուկա մուտքին, որոնք հնարավորություն կսդտանան էլեկտրաէներգիա ձեռք բերել անմիջապես գեներացիայի օբյեկտներից, ներմուծել այն և օգտագործել սեփական կարիքների համար: Այս միջոցն ուղղված է տարածաշրջանային ինտեգրմանը, ինչը պետք է հանգեցնի շուկայում մասնավոր հատվածի զգալի ակտիվացման: Կանոնակարգված են նաև կարգավորող մարմինների լիազորությունները՝ ի դեմս ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի:
Նշենք, որ գործող օրենքի համաձայն, օպերատորն` ի դեմս ՀԷՑ-ի, պարտավորվում է իրականացնել արտադրող օբյեկտներից էլեկտրաէներգիայի մեծածախ գնումներ և այն վերավաճառել սպառողներին: Մինչդեռ երկրի էլեկտրաէներգետիկ շուկան լիովին չի կարգավորում էլեկտրաէներգիայի արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցերը: Գործող օրենսդրությունում փոփոխությունները ենթադրում են Հայաստանի էներգետիկ շուկայի ազատականացում, ինչը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև տարածաշրջանում էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունների օգտագործմամբ: Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման համար անհրաժեշտ է անցնել նոր շուկայական մոդելի, ինչը նպաստում է մեծածախ և մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը: Փոփոխությունների արդյունքում Հայաստանը գնորդ–վաճառող մոդելից կանցնի նոր ազատական մոդելի, կներդրվեն առևտրի ժամանակակից կանոններ, կկատարելագործվի սակագնային կարգավորման համակարգը, կներդրվեն նաև միջպետական առևտրի զարգացման նոր գործիքներ: Նախատեսվում է տարանջատել բաշխման և զինման գործառույթները, ինչի արդյունքում շուկայում կարող են գործել նաև այլ մատակարարներ, յուրաքանչյուրը` որպես լիցենզավորված կազմակերպություն, ինչն, իր հերթին, կավելացնի գանձվող պետական տուրքերը: Այսօր ոչ էլեկտրաէներգիա արտադրողները, ոչ դրա խոշոր սպառողները պատասխանատվություն չեն կրում վաճառքի և սպառման ծավալների համար, ինչը կարող է պատճառ դառնալ սակագնային կարգավորման /անսահմանափակ տատանումների համար: Լավագույն միջազգային փորձի համատեքստում պետք է լինի արտադրողների և խոշոր սպառողների պատասխանատվությունն էլեկտրաէներգիայի պատվիրված և փաստացի օգտագործված ծավալների համար: Շուկայի ազատականացման ճանապարհին նախատեսվում է ինչպես էլեկտրոնային հարթակի ստեղծում, այնպես էլ նոր կառույցների ձևավորում էլեկտրաէներգետիկայի շուկայում: Մասնավորապես, նախատեսվում է շուկայի օպերատորի ստեղծում, որը հանդես կգա որպես էլեկտրաէներգիայի առևտրի համար հիմնական պատասխանատու: Նախատեսվում է նաև սակագնային քաղաքականության կատարելագործում և արդյունավետ մեխանիզմների ներդրում: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, գիշերային և ցերեկային սակագներին, դրանց մեծությանը, կիրառման ժամանակին: Ակնկալվում է, որ մրցակցային տարրերի կիրառումը կնպաստի սակագների նվազեցմանը: Այդ պայմաններում շուկայի յուրաքանչյուր մասնակից կձգտի ծախսերի կրճատման` շուկայում բարենպաստ դիրք ապահովելու և իր արտադրանքը վաճառելու համար: Տարածաշրջանային նշանակության մի շարք ծրագրերի իրագործման արդյունքում ակնկալվում է այդ ուղղությամբ հիմք ստեղծել 2019 թվականին: