Արմինֆո. 2018 թվականի ապրիլին Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) կկանգնեցվի հինգամսյա պլանային-կանխարգելիչ վերանորոգման` երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում աշխատանքներ անցկացնելու նպատակով: Փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հաղորդել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Նրա ասելով, նախագծի իրագործումը թույլ կտա ոչ միայն մինչև 2026 թիվը երկարաձգել գործող բլոկի շահագործման ժամկետը, այլև 10 տոոկսով կբարձրացնի դրա ՕԳԳ` 40 ՄՎՏ ավելացնելով բլոկի հզորությունը: 300 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի ընդհանուր ծավալից 170 մլն դոլար կուղղորդվի բլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Զուգընթաց շարունակվում են նոր ատոմային բլոկի կառուցման նախագծի շուրջ քննարկումները: Փոխնախարարի ասելով, Հայաստանի կառավարությունը հակվում է մինչև 50 ՄՎտ հզորությամբ փոքր մոդուլային բլոկների կառուցման տարբերակին: Գործադիր մարմինն այդ հարցի շուրջ վերջնական որոշում կկայացնի առաջիկա երկու տարում:
Պատասխանելով անվտանգության տեսանկյունից ՀԱԷԿ հուսալիության առնչությամբ դրա շուտափույթ փակման մասին Եվրամիության պահանջների վերաբերյալ հարցին` Հայկ Հարությունյանը վերստին նշել է, որ կայանը չի կարող աշխատել հավերժ: Իսկ կայանի անվտանգության հարցով զբաղվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, որը պարբերաբար հետազոտություններ է անցկացնում և տալիս հանձնարարականներ: Մինչև 2015 թիվը կայանի անվտանգության մակարդակի բարձրացման համար ներդրվել է, ընդհանուր առմամբ, 150 մլն դոլար: Հենց նույն Եվրոպայում, շարունակել է փոխնախարարը, համանման բլոկների ծառայության ժամկետը երկարաձգվում է ոչ թե 10, այլ 30 տարով: «Ոչ ոք պատրասնք չունի, թե կայանը աշխատելու է հավերժ՚, - նշել է Հայկ Հարությունյանը:
Հունվարի 30-ին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, Արևելյան գործընկերության երկրների հետ Եվրամիության երկկողմ հարաբերությունների բաժանմունքի ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը հայտարարել էր, թե Եվրամիությունը շարունակում է պնդել, որ հայկական ատոմակայանը պետք է շուտափույթ փակվի, քանի որ հնարավոր չէ նույնիսկ արդիականացման միջոցով մեծացնել կայանի անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխան:
Ավելի վաղ, պատասխանելով մինչև 2026 թիվը ատոմային էներգետիկայի նկատմամբ էներգիայի վերականգնվող աղբյուրների այլընտրանքի հնարավորության վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը չէր բացառել իրադարձությունների նման զարգացումը: «Ներկայումս իրավիճակը վերականգնվող էներգիայի շուկայում շատ արագ է զարգանում, արագ զարգացում են ստանում նաև կուտակային տեխնոլոգիաները, և այս համատեքստում ամեն ինչ հնարավոր է», - ասել էր փոխնախարարը, հավելելով, սակայն, որ այս փուլում է միջուկային էներգետիկան այլընտրանքայինով փոխարինելու հնարավերության մասին խոսելն առայժմ անիմաստ է: Նա հիշեցրել է, որ Հայաստանի էներգետիկ ոլորտն իր ջանքերն ուղղում է երեք հիմնական նպատակների` էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանը, այլընտրանքային և վերականգնվող էներգիայի զարգացմանը և Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը: Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ռազմավարության համաձայն, մինչև 2020 թվականը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 20% -ը հաշվարկվելու է այլընտրանքային և վերականգնվող աղբյուրների կողմից, իսկ 2026 թվականն այդ ցուցանիշը նախատեսվում է հասցնել մինչեւ 50%: