Արմինֆո.400 կիլովոլտ հզորույթյամբ Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ ԷՀԳ շինարարությունը կավարտվի 2019 թվականին: Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Նրա ասելով, տվյալ օբյեկտում շինարարական աշխատանքներ են տարվում ակտիվ տեմպերով. փորվել են 166 սյան հիմքեր, որոնցից 140-ն արդեն բետոնապատվել է, տեղադրվել է 80 սյուն: Զուգընթաց տարվում են 400 կՎ «Նորավան՚ էլեկտրաենթակայանի շինարարության աշխատանքներ: Փոխնախարարի ասելով, ընթացիկ տարում հիմնական ծավալը կավարտվի, իսկ օբյեկտը նախատեսվում է շահագործման հանձնել 2019 թվականին:
Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան չորրորդ ԷՀԳ-ին, ապա, ինչպես նշել է փոխնախարարը, այժմ գործընկերների հետ բանակցություններ են վարվում նախագծի ֆինանսավորման սխեմայի և կառուցվածքի փոփոխման շուրջ, ինչն անհրաժեշտ է ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու և արտաքին պարտքի բեռը նվազեցնելու համար:
Ինչպես Արմինֆո-ն ավելի վաղ հաղորդել էր, Հայաստան-Վրաստան ԷՀԳ կառուցման նախագծի խորհրդատու "Fichtner GmbH & Co. KG" ընկերությունը նախապատարաստել է գլխավոր կապալառուի ընտրության մրցութային փաթեթ: Նախագիծը նախատեսվում է իրագործել երեք փուլով: Առաջին երկու փուլերի ֆինանսավորման աղբյուրներն արդեն հայտնի են: Առաջին երկու փուլերի շրջանակում նախատեսվում է կառուցել 400 կիլովոլտ լարումով ԷՀԳ և հաստատուն հոսանքի երկու ենթակայան Դդմաշենում և Այրումում, ինչը թույլ կտա սկսել աշխատանքը Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի հետ` ասինխրոն ռեժիմով: Մինչ այդ անցկացվել է շրջակա միջավայրի վրա նախագծի ազդեցության և սոցիալական ներգործության գնահատում: Այդ աշխատանքը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, ինչից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները: Նախագծի շրջանակում նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորում, ինչը կնպաստի փոխշահավետ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը ստեղծվող Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի շրջանակում: Ծրագրի նախնական արժեքը, FICHTNER ընկերության տվյալներով, կկազմի 326, 9 մլն եվրո, որի 10% պետք է լինի Վրաստանի ավանդի մի մասը: Նախագիծն իրագործվելու է մի քանի փուլով: Առաջին փուլում նախատեսվում է Այրումում կառուցել փոխարկիչ ենթակայան և 8 մկ երկարությամբ 500 կիլովոլտանոց օդային գիծ դեպի Վրաստան: Երկրորդ փուլը ներառում է Դդմաշենի մոտ 400 կիլովոլտանոց ենթակայանի կառուցում մեկ տրանսֆորմատորով, ինչպես նաև 400 կիլովոլտանոց օդային գծի անցկացում, ինչը հնարավորություն կընձեռի փոխանակել 350 մեգավատ էլեկտրաէներգիա: Այնուհետև Այրումում կտեղադրվի մոդուլ, իսկ Դդմաշենում` երկրորդ տրանսֆորմատորը` 700 մեգավատ հզորություն ապահովելու նպատակով: Ելնելով շուկայական և տարաշրջանային համագործակցության պահանջներից` եզրափակիչ, երրորդ փուլում կտեղադրվի հաստատուն հոսանքի երկրորդ մոդուլը, ինչը հնարավորություն կընձեռի հզորության ծավալները հասցնել մինչև 1050 մեգավատի: Ծրագրի առաջին երկու փուլերը գնահատվում են 188,2 մլն եվրո: Դրանց ֆինանսավորման աղբյուրնրեն արդեն որոշվել են: Այդ նպատակով 2014-2015 թթ. ստորագրվել է երեք վարկային համաձայնագիր: Մասնավորապես, վարկի տեսքով 168 մլն եվրո հատկացրել է գերմանական KfW բանկը, ևս 10 մլն եվրո վարկ է տրամադրել Եվրոպական ներդրումային բանկը: Ակնկալվում է ևս 10 մլն եվրո դրամաշնորհ Եվրահանձնաժողովից: Ծրագրի առաջին երկու փուլերը նախատեսվում է իրականացնել զուգահեռ ռեժիմով: Աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան, որի համաձայն, շինարարական աշխատանքները կավարտվեն մնչև 2019 թվակնի վերջը: Միաժամանակ իրականացվում է 400 կիլովոլտ հզորույթյամբ Իրան-Հայաստան երրորդ ԷՀԳ կառուցման ծրագիր, որի արժեքը կազմում է 107 մլն դոլար: Միջոցները տրամադրում է իրանական կողմը, ինչի դիմաց Հայաստանը կվճարի էլեկտրաէներգիայի մատակարարումներով: Այդ նախագիծը նույնպես նախատեսվում է ավարտել 2019 թվականին: