Արմինֆո. 2018 թ. փետրվարի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, 2018 թ. հունվարին արձանագրվել է 2.7% գնաճ՝ գրեթե նույնքան, որքան նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշն է, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 2.7%, ընդ որում` հարկային և մաքսային փոփոխությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունները գտնվել են ԿԲ կողմից գնահատված չափի սահմաններում:
Արտաքին հատվածում փաստացի զարգացումներն հիմնականում արտահայտվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման շարունակվող միտումներով և միջազգային որոշ ապրանքային շուկաներում պահպանվող գնաճային միջավայրով: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ թույլ գնաճային ազդեցություններ:
Խորհուրդը գնահատում է, որ 2017 թ. չորրորդ եռամսյակում դիտվել է բավականին բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճերով: Բարձր տնտեսական ակտիվությունն ուղեկցվել է ներքին մասնավոր պահանջարկի աճի արագ տեմպերով, որին շարունակում են նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը և ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման համեմատաբար բարձր աճը: Այնուամենայնիվ, պահանջարկի վերականգնման կայունությունը ապահովելու համար դեռևս պահպանվում է դրամավարկային խթանման անհրաժեշտությունը, առավել ևս, որ լրացուցիչ գնաճային սպասումները բավականին թուլացել են:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա մակարդակը: Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո միջնաժամկետում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կշարունակի աստիճանաբար ավելանալ, տատանվելով թույլատրելի միջակայքում, հետագայում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2018 թ. փետրվարի 27-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2018 թ. առաջին եռամսյակի ծրագրում):
Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2017 թվականին վերանայվել է փետրվարի 14-ին, երբ Կենտրոնական բանկի խորհուրդը իջեցրեց այն`6.25% -ից մինչև 6%, զուգահեռ իջեցնելով նաև լոմբարդային ռեպոների`7.75%-ից մինչև 7,5%, և ներգրավված ավանդների`4.75% -ից մինչև 4,5% տոկոսադրույքները, պահպանելով այդ մակարդակները մինչ օրս: Մինչ այդ, 2016-ի վերջին, դեկտեմբերի 27-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել էր`6,5%-ից մինչև 6.25%, լոմբարդային ռեպոների տոկոսադրույքերը`8% -ից մինչև 7.75%, իսկ ներգրավված ավանդներինը`5%-ից մինչև 4.75%: 2015 թվականի դեկտեմբերի 22-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել էր` 9.75% -ից մինչև 8.75%, ռեպոները`11,75% -ից մինչև 11,25%, իսկ ներգրավված ավանդների տոկոսադրույքերը`8.75%-ից մինչև 8.25%:-