Արմինֆո. Իրանական կողմն առ այսօր գազի ընդունելի գնի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացրել: Փետրվարի 13-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` մեկնաբանելով Հայաստան գազի ուղիղ մատակարարումներ սկսելու իրանական կողմի ցանկության մասին Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քյազեմ Սաջադիի հայտարարությունը:
«Իրանական կողմը մշտապես հայտարարում է Հայաստան իր գազի արտահանման ծավալները մեծացնելու պատրաստակամության մասին: Այդ հարցը քննարկվում է, և ես ակնկալում եմ, որ առաջիկայում զգալի առաջընթաց ձեռք կբերվի այդ նախագծի առնչությամբ: Եթե Հայաստանը էներգետիկ ոլորտում փոքր-ինչ ակտիվանա, ապա, կարծում եմ, զգալի քայլեր կձեռնարկվեն, և դա թույլ կտա Հայաստանում ստեղծել նոր աշխատատեղեր՚, - նշել է Սեյեդ Քյազեմ Սաջադին:
Մինչդեռ, ինչպես կարծում է Հայկ Հարությունյանը, Իրանը Հայաստան գազ է մատակարում «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց՚ գործարքի շրջանակում` 1 խմ գազ 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց հաշվարկով: Այդ ծրագրի շրջանակում, ինչպես կարծում է փոխնախարարը, ոչ մի սահմանափակում չկա: Ավելին, ընթացիկ տարում նախատեսվում է զգալիորեն ավելացնել Իրանից գազի մատակարարումների ծավալները: 2017 թվականին Իրանից առաքվել է 382,7 մլն խմ գազ, Ռուսաստանից` 1,996 մլրդ խմ: Ընդ որում, Ռուսաստանից գազի մատակարարումների ծավալները նախորդ տարի ավելացել են 7 տոկոսով, Իրանից` 2,9 տոկոսով:
Ինչ վերաբերում է ԻԻՀ-ից գազի ուղիղ մատակարարումներին, ապա այստեղ հարցն առնչվում է գնին: «Իրանական կողմից մինչ օրս գազի ավելի մատչելի գնի վերաբերյալ առաջարկություններ չեն ստացվել: Երբ ստացվի ավելի մրցունակ գին, այն ժամանակ հարցը կքննարկվի՚, - ընդգծել է փոխնախարարը, հավելելով, որ միայն հունվարին գազի դիմաց Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալներն ավելացել են 104 տոկոսով: